Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Շաքի գյուղում հայտնաբերվել էր ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Կայքի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես՝ ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա: Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են ՝ վիրավոր վիճակում։ Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բավականին դաժան մանրամասներ էր պատմել։ Նրա խոսքով՝ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա, ապա կրակել իր ուղղությամբ։ Կինը պատմել է, որ փորձել է պաշտպանել երեխաներին, բռնել զենքը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքը, իսկ հետագա կրակոցից՝ նաև ոտքը։ Նրա պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն ի վերջո փախել է տնից։ «Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,– ասել էր Անի Ավետիսյանը։