Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող այլ երկրների քաղաքացիները 2027 թվականի հուլիսի 1-ից հանրապետություն մուտք գործելու համար ստիպված կլինեն էլեկտրոնային թույլտվություն ունենալ։ Փաստաթուղթն անվճար կլինի և վավերական կմնա 180 օր։ Այս մասին հայտնում է Zakon.kz-ը՝ հղում անելով երկրի կառավարության որոշմանը։ Թույլտվությունը պետք է ստանալ էլեկտրոնային եղանակով՝ սահմանը հատելուց առնվազն 72 ժամ առաջ։ Նոր կանոնները տարածվում են դեպի Ղազախստան առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող բոլոր պետությունների քաղաքացիների վրա՝ բացառությամբ օտարերկրացիների առանձին կատեգորիաների։ Համակարգի ներդրումը կսկսվի փուլ առ փուլ։ 2026 թվականի նոյեմբերից մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը թույլտվության բացակայությունը մուտքի մերժման հիմք չի դառնա. այդ ժամանակահատվածում օտարերկրացիներին պարզապես կպարզաբանեն փաստաթղթի ձևակերպման անհրաժեշտությունը։ 2027 թվականի հուլիսի 1-ից դրա առկայությունը պարտադիր կդառնա բոլոր նրանց համար, ում վրա տարածվում են նոր պահանջները։ Ընդ որում, առանց վիզայի գտնվելու ժամկետները չեն փոխվի։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիները կարող են հանրապետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։ Մյուս երկրների քաղաքացիների համար գտնվելու ժամկետները սահմանվում են Ղազախստանի ազգային օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։ Էլեկտրոնային թույլտվություն ստանալու պահանջից կազատվեն օտարերկրացիների առանձին կատեգորիաներ, այդ թվում՝ դիվանագետները, բեռնատար տրանսպորտի միջազգային վարորդները, ինչպես նաև 16 տարեկանից ցածր և 65 տարեկանից բարձր քաղաքացիները։ Այն պետությունների քաղաքացիների համար, որոնց՝ Ղազախստան մուտք գործելու համար վիզա է անհրաժեշտ, կարգը չի փոխվի. վիզայի առկայության դեպքում լրացուցիչ էլեկտրոնային թույլտվություն ստանալ չի պահանջվի։ Ընդունող կողմը՝ օրինակ հյուրանոցը կամ մասնավոր անձը, նախկինի պես պետք է ղազախական իշխանություններին ծանուցի օտարերկրացու գտնվելու վայրի և դրա փոփոխության մասին։