Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ երկիրը չի մասնակցում կառույցի աշխատանքներին, սակայն, միևնույն ժամանակ, բոլոր որոշումներն անհրաժեշտ է համաձայնեցնել նրա հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Ներկայումս ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2024 թվականին Հայաստանը հայտարարեց կառույցում իր մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև դա նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաև դադարեցրեց անդամավճարների մուծումը։ «Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս, ապա մնում են ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Իսկ եթե լիիրավ անդամ են, նշանակում է, որ բոլոր որոշումները (իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով) պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումը։ Սակայն այդ դիրքորոշումն այսօր արդեն, ըստ էության, հակասում է այն ամենին, ինչ արվում է ՀԱՊԿ-ում»,- պարզաբանել է Բորդյուժան։ Նրա կարծիքով՝ Երևանի կողմից ազնիվ կլիներ պարզապես դուրս գալ կազմակերպությունից, իսկ քանի դեռ դա չի արվում, Հայաստանին պետք է ուղղակի հեռացնել ՀԱՊԿ-ից։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի, չենք մասնակցում և չենք ուզում», ապա նրանց պետք է հեռացնել»,- համոզված է Բորդյուժան։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է դրվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։ Նրա գնահատմամբ՝ հանրապետությունը խախտում է կառույցի կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։