«Ես պարոն վարչապետին կոչ եմ անում գրանցվել «Գիտուժ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին և հետևել, թե այնտեղ ինչ նյութեր են տարածվում ու ինչ հայտարարություններ են տեղադրվում»,- NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գիտության ֆինանսավորման վերաբերյալ ելույթը հոկտեմբերի 15-ի կառավարության նիստում։ «Ամեն անգամ, երբ ֆինանսավորման ավելացում է եղել, մենք դրա մասին խոսել ենք, ու ոչ թե մեկ անգամ, այլ շատ, և ողջունել ենք»,- ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի այն մեղադրանքներին, թե գիտական հանրությունն ու մեդիաները ոչ մի բան չեն ասել այն մասին, որ 2018 թվականից ի վեր գիտության ֆինանսավորումը եռապատկվել է։ Տիգրան Շահվերդյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է վարչապետը զարմանում, որ 2027 թվականի բյուջեի նախագիծը զայրույթ է հարուցել, քանի որ հենց ինքը՝ վարչապետը, այդ նիստում կրկին վերահաստատեց կառավարության հանձնառությունը՝ իրագործելու ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է գիտության ֆինանսավորումը մինչև 2030 թվականը հասցնել ՀՆԱ-ի 0․75 տոկոսի։ «Եվ մենք դա ողջունում ենք, բայց պարզ հարց է առաջանում․ եթե դուք այդ ծրագիրն ընդունել եք կառավարության որոշումով տարվա սկզբին, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ձեր իսկ կառավարությունը բյուջեի նախագիծ է ուղարկում Ազգային ժողով, որը չի արտացոլում այդ ծրագիրը և չի ներառում այն միջոցները, որոնցով պիտի իրականացվի այդ ռազմավարական ծրագիրը»,- նշեց նա։ Ըստ Տիգրան Շահվերդյանի՝ 2027 թվականին գիտության բյուջեն պիտի ավելանար 12-21 միլիարդ դրամով, իսկ ընդունված նախագծով այդ ավելացումն ընդամենը 1,5 միլիարդ է կազմում։ «Ինչո՞ւ ենք միջակայք ասում, որովհետև բաց, հայտնի տվյալներով չի ստացվում հասկանալ, թե որ միջոցառումներն են շարունակում նախորդ ծրագրերը, և որոնք են հավելյալ նոր ծրագրեր։ Այսինքն՝ գոնե 12 միլիարդի ավելացում պիտի տեսնեինք։ Բայց այն, ինչ տեսնում ենք, անընդունելի է։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է աշխատել մի գործընկերոջ հետ, որը փաստաթղթավորված որոշում է ընդունում, կառավարության ծրագիր է հաստատում, իսկ հետո այն միջոցները, որոնցով այդ ծրագիրը պետք է իրագործի, Ազգային ժողովից չի ուզում»,- ասաց նա։ Նման մոտեցման պարագայում, ըստ նրա, օրինակ՝ վտանգվում է առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիրը, որի ներդրման գործում իր դերն է ունեցել նաև «Գիտուժ» նախաձեռնությունը, և որը ներդրվելուց առաջ ակտիվորեն քննարկվել է կառավարության անդամների, այդ թվում՝ հենց վարչապետի հետ։ «Դա շատ ողջունելի էր, և անցած տարվա վերջին հանդիպմանը վարչապետի մոտ ասել ենք, որ այս առաջընթացը կարողացել ենք ապահովել միասին աշխատելով»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիրն այսօր Հայաստանում ամենաուժեղ մրցութային գիտական ծրագրերից մեկն է, որի նախատիպն է Եվրոպական հետազոտական խորհրդի նմանատիպ հնգամյա դրամաշնորհը։ Այս տարի այդ դրամաշնորհի հնգամյա փուլն ավարտվել է, բայց եկող տարվա բյուջեով նոր մրցույթի անցկացումը հարցականի տակ է։ «Ու եu դեռ չեմ խոսում այն նոր ծրագրերի ու միջոցառումների մասին, որոնք գրված են կառավարության ծրագրում, կամ այն ծրագրերի, որոնք ավարտվում են հաջորդ տարի, ու պետք է շարունակություն ունենան։ Ո՞ւր է այդ լուրջ պետական մոտեցումը։ Անհասկանալի է վարչապետի վրդովմունքը։ Ախր, ձե՛ր կառավարության ծրագիրն է, մենք չենք ներկայացրել։ Ձեր կառավարության ծրագիրն է ու ձեր կառավարության բյուջեի նախագիծը․ ինչո՞ւ իրար չեն համապատասխանում»,- ասաց նա։ Տիգրան Շահվերդյանը հավելեց, որ «Գիտուժ» նախաձեռնությունն ակնկալում է հանդիպում և քննարկում Ազգային ժողովում այս հարցի շուրջ՝ ցանկալի է կառավարության ու գիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի հանգամանալից քննարկվի, թե ինչու է կառավարությունը բյուջեի նման նախագիծ ներկայացրել։ «Նորմալ աշխատանքը դա է, մենք դրան էլ ձգտում ենք, պատրաստ ենք միասին աշխատելու։ Ուղղակի ցավալին այն է, որ ավելի հաճախ այլ մեխանիզմ է աշխատում․ փակ դռների հետևում ինչ-որ բաներ են քննարկվում, հետո համայնքին ու հասարակությանը փաստի առաջ են կանգնեցնում։ Հետո ստիպված ենք լինում արձագանքել, դժգոհություն արտահայտել, հետո էլ իրենք են դժգոհություն արտահայտում։ Ասենք՝ ակնհայտ չէ՞ր, որ բյուջեի այդ նախագծին արձագանք է լինելու։ Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ էր ենթադրում, որ դա աննկատ է անցնելու։ Գուցե նախապես հանդիպեի՞ք մեզ հետ․ կարող է իսկապես ինչ-որ պատճառ կամ բացատրություն կա, որը մենք չգիտենք»,- ասաց նա։ Անդրադառնալով այն բացատրություններին, թե բյուջեն անսպառ չէ, և պետք է բոլոր ոլորտների միջև այն արդարացիորեն բաշխել, Տիգրան Շահվերդյանը նկատեց, որ խոսքն ընդամենը բյուջեի մեկ տոկոսի մասին է․ այդքան է կազմում հիմա գիտության ֆինանսավորումը։ Եվ եթե խոսքը 30 տոկոս ավելացման մասին է, ապա այն կազմելու էր բյուջեի ընդամենը 1,3 տոկոսը։ Ու գիտությունն ու տեխնոլոգիաներն, ըստ նրա, այն ոլորտներն են, «որոնք մեզ թույլ են տալու ապագայում էլ ավելի շատ գումար վաստակել, մեր խնդիրներն ավելի արդյունավետ ճանապարհներով լուծել, այսինքն՝ գումարներ խնայել»։ Նա հավելեց, որ երբեմն կառավարության անդամների կամ պատգամավորների խոսքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կարծես գիտության ֆինանսավորումը ինչ-որ բարեգործություն է, որով իրենք սոցիալական խնդիր են լուծում, ու մարդիկ պետք է իրենց շնորհակալ լինեն։ «Սա պարզ, երևի ամենակապիտալիստական փոխանակումն է։ Դուք՝ որպես պետության ներկայացուցիչներ, պետության համար խնդիրներ լուծելու կարողություններ եք ձևավորում, և դա փոխկապակցված է բոլոր բնագավառների հետ՝ և՛ պետական գերատեսչությունների խնդիրների, և՛ կրթության, և՛ մարդկային կապիտալի զարգացման։ Այդ գումարը ներդրվում է, որպեսզի Հայաստանն ավելի հզոր լինի, Հայաստանն ունակ լինի խնդիրներ լուծելու։ Եթե դուք դա որպես լավություն եք անում, հարկատուների գումարները մի՛ ծախսեք անիմաստ։ Եթե դուք չեք հասկանում, որ սա ներդրում է ապագայի և պետության հզորացման մեջ, ուրեմն սխալ տեղ եք աշխատում»,- նկատեց նա։ Տիգրան Շահվերդյանը հիշեց նախորդ տարվա նոյեմբերին վարչապետի հետ հանդիպումը, որի ժամանակ «Գիտուժի» ներկայացուցիչները խոսել էին Հայաստանում ինստիտուցիոնալ որոշ կարողությունների բացակայության մասին, և Նիկոլ Փաշինյանը դա ընդունել էր։ Քննարկման արդյունքում որոշում էր կայացվել, որ պետք է հետազոտություն իրականացվի այդ խնդրի լուծման ուղիները գտնելու համար։ «Մենք շատ ակտիվ համագործակցել ենք, մեր կողմից ռեսուրսներ ենք ներդրել, որպեսզի այդ հետազոտության տեխնիկական առաջադրանքը մշակվի։ Մայիսի վերջին դա պատրաստ էր։ Դրանից հետո գործը կանգնած է։ Եթե այդքան կարևորում եք գիտահեն տնտեսության ստեղծումը, Հայաստանի կարողությունների զարգացումը, ընդունում եք, որ պետության կողմից ինստիտուցիոնալ կարողությունների բաց կա, ինչո՞ւ է կանգնած այս գործը»,- հարց ուղղեց նա։ Անդրադառնալով 2026 թվականի համար գիտությանը լրացուցիչ 2,4 միլիարդ դրամ հատկացնելու՝ կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմանը, Տիգրան Շահվերդյանը նկատեց, որ տարվա սկզբին խոսք էր գնում հավելյալ 7,4 միլիարդ դրամի մասին։ Նա հիշեցրեց, որ տարվա ընթացքում ևս մեկ միլիարդ էր հատկացվել գիտությանը, այսինքն՝ կառավարությունը տարվա ընթացքում 3,4 միլիարդ դրամ լրացուցիչ գումար է հատկացրել 7,4-ի փոխարեն։ Ու երեկ հատկացված 2,4 միլիարդ դրամից 1,5-ը նախատեսված է սարքավորումներ գնելու համար։ «Մեր տեղեկություններով՝ արդեն մոտ 4 միլիարդի սարքավորումների գնման մրցույթների արդյունքներ կան, ու դա ավելի շուտ էր պարզ դարձել։ Այսինքն՝ դրանցից միայն 1,5-ին է ստացվում ընթացք տալ հիմա․ բա մնացածն ու՞ր է։ Ու ինչո՞ւ այդ գումարը շուտ չի հատկացվել, որ մատակարարները հասցնեին մինչև տարվա վերջ բերել Հայաստան»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա մատակարարները կարող են չհասցնել դա անել, ու հետո գիտնականներին կմեղադրեն, թե հատկացված գումարները չեն կարողանում ծախսել։