Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերն ու երկրները Փաշինյանի իշխանության համար ինքնաբերաբար դառնում են դաշնակիցներ։ Այս մասին հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է նախկին ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Երկրում ընթանում է շատ վտանգավոր գործընթաց․ թշնամաբար տրամադրված և գործող ուժերն ու երկրները իշխանությունների համար ինքնաբերաբար դառնում են դաշնակիցներ»,- հայտնել է Աբրահամյանը՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր ներդրում ունեն Հայաստանի տնտեսության մեջ, հռչակվում են թշնամիներ։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինվորի ներթափանցման միջադեպը ցույց տվեց ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված ինստիտուտների համատարած անգործունակությունը։ Պատճառներից մեկն այն է, որ ներքին և արտաքին անվտանգության համար պատասխանատու մարմինները զբաղված են միայն մեկ բանով՝ ընդդիմախոսներին ճնշելով և մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելով։ Փաշինյանի հայտարարությունները լիովին արտացոլում են իշխանությունների քաղաքական գիծը, ամփոփել է նախկին պատգամավորը։