Առաջնորդների գագաթնաժողովում քննարկված թեմաներից մեկը պատերազմի և բռնի տեղահանման ազդեցությունն էր կենսաբազմազանության պահպանման վրա։ Այս մասին Երևանում ընթացող COP17-ի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է բնիկ ժողովուրդների հարցերով զբաղվող «Nia Tero» կազմակերպության գլոբալ քաղաքականության և իրավապաշտպան գործունեության բաժնի ղեկավար, իրավաբան Ջենիֆեր Թաուլի Կորպուսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել են 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրենց բնօրրանից բռնի վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ «Բռնի տեղահանման պատմությունն այն է, ինչին առերեսվում են բնիկ ժողովուրդները։ Մեզնից շատերը ստիպված են եղել լքել հարազատ վայրերը՝ որպես կանոն զինված հակամարտությունների և պատերազմների պատճառով։ Սա անխուսափելիորեն հանգեցնում է սեփական հողի, ավանդական գիտելիքների, բնության ու կենսաբազմազանության պահպանման մեթոդների հետ կապի խզմանը։ Այս խնդիրները լուծում են պահանջում։ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում լեզուները ճանաչվել են որպես կենսաբազմազանության հարստության անուղղակի ցուցիչ. բնիկ ժողովուրդների լեզվակիրների թվաքանակը բավականին ճշգրիտ համահարաբերակցվում է տվյալ տարածքի կենսաբանական բազմազանության մակարդակի հետ։ Հենց այդ պատճառով էլ լեզուների կորուստը լուրջ մտահոգություն է առաջացնում»,— ընդգծել է Ջենիֆեր Թաուլի Կորպուսը։ Նա հույս է հայտնել, որ մարդու իրավունքների հիման վրա նման հարցերի դիտարկման հարթակ կձևավորվի, ինչպես նաև կներդրվի բողոքների ներկայացման և վնասի փոխհատուցման հստակ մեխանիզմ։