«Հրազդան Ցեմենտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 21–ին, բողոքի ակցիա են կազմակերպել, նրանք պահանջում են հստակեցնել գործարանի և մոտ 450 աշխատողների ճակատագիրը, որոնց աշխատանքն ու գործարքը հայտնվել են անորոշ վիճակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարություններից հետո։ Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։ Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։