ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Զ. Մ.-ի դիմումը և հաստատված է համարել նրա ծննդյան գրանցման փաստը։Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Զ. Մ.-ն բռնի տեղահանվել էր Լեռնային Ղարաբաղից՝ իր հետ չկարողանալով վերցնել մի շարք անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ ծննդյան վկայականը։ Փաստաթղթի բացակայությունը հետագայում խոչընդոտել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուն և այլ իրավական գործընթացներ իրականացնելուն։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Զ. Մ.-ն դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն՝ ծննդյան ակտային գրանցումը վերականգնելու խնդրանքով։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերի 7-ին ստացել էր մերժում՝ ծննդյան գրանցման փաստը հաստատող անհրաժեշտ փաստաթղթի բացակայության հիմքով։ Արտադատական կարգով հարցը լուծելու հնարավորության բացակայության պայմաններում Զ. Մ.-ն դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ ՀՔԱՎ-ը, ի դեմս կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Մխոյանի, 2026 թվականի մայիսից ստանձնել է նրա շահերի պաշտպանությունը և 2026 թվականի մայիսի 21-ին դիմում ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի, այն է՝ ծննդյան գրանցման փաստի հաստատման պահանջով։ Դատական քննության ընթացքում որպես ապացույց ուսումնասիրվել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության՝ ծննդյան ակտային գրանցումը վերականգնելու դիմումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև վկաների ցուցմունքները։ Դատարանը գնահատել է ներկայացված ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և համակցության մեջ բավարարության տեսանկյունից։ Դատարանը արձանագրել է, որ Զ. Մ.-ն չի կարողացել արտադատական կարգով ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը կամ վերականգնել այն, իսկ ծննդյան գրանցման փաստի հաստատումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ Դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ փաստաթղթի բացակայությունը պայմանավորված է եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանությամբ։ Դիմողի ներկայացուցիչ Լիանա Մխոյանը դատարանում հայտնել է, որ Զ. Մ.-ն և նրա ընտանիքը դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար, իսկ ծննդյան գրանցման փաստի բացակայությունը խոչընդոտում է այդ գործընթացները։ Ներկայացուցիչը նաև խնդրել է վճիռը հրապարակման պահից անմիջապես օրինական ուժի մեջ մտած համարել։ Արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 29-ի վճռով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է Զ. Մ.-ի դիմումը և հաստատված համարել նրա ծննդյան գրանցման փաստը։ Դատարանը վճիռը հրապարակման պահից հայտարարել է օրինական ուժի մեջ մտած՝ հաշվի առնելով, որ դրա օրինական ուժի մեջ մտնելու հետաձգումը կարող էր ծանր հետևանքներ առաջացնել Զ. Մ.-ի համար։
Հայաստան
Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ևս մեկ քաղաքացու ծննդյան գրանցման փաստը

Սկզբնաղբյուր: KARTSIQ