ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Խրիստոս Սենեկիսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից: Քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության խորացման և գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։ Անդրադառնալով ՀՀ Կառավարության որդեգրած արտահանման դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանից արտահանողների և Կիպրոսի գնորդների միջև գործարար կապերի հաստատումը՝ Կիպրոսի շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ընդլայնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տնտեսական լայն օրակարգ՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։