Հավանության են արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և «Համապարփակ առողջապահական ապահովագրության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Առաջարկվում է ընդլայնել օրենքի գործողության շրջանակը և սահմանել, որ 1998 թվականի հունվարի 1-ից մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը ևս համարվում է հատուցման ենթակա դեպք, եթե զինծառայողի անձնական գործում առկա փաստաթղթերը վկայում են այդ մասին։ Փաստաթղթերի բացակայության դեպքում մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու փաստը հաստատվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ կամ դատական կարգով։ Սահմանվում է, որ հատուցման ենթակա դեպք է համարվում նաև 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը։ Նախատեսվում է, որ 1998–2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար միանվագ վճար չի կատարվի․ փոխարենը 20 տարվա ընթացքում կվճարվեն հավասար ամսական գումարներ՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար սահմանված չափերով։ Կարգավորվում են նաև 1998–2016 թվականների դեպքերի համար ամսական հավասար վճարումների կարգը, ինչպես նաև հատուցման գումարների վճարումը կասեցնելու հիմքերն ու ժամկետները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ ծրագրի պոտենցիալ շահառու է 389 մարդ։ Նրա խոսքով՝ հատուցման գումարների կրճատում չի լինի, ավելին՝ որոշ դեպքերում տրամադրվող միջոցները նույնիսկ կարող են ավելանալ։
Հայաստան
Իշխանությունները մտադիր են փոխել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը

Սկզբնաղբյուր: KARTSIQ