ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդեին։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հնարավորությունները ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։ Անդրադարձել ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրին: Քննարկել ենք ծրագրի իրականացման հետագա քայլերը: Անդրադարձել ենք նաև ջրային ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին։ Մասնավորապես, քննարկել ենք Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ենթակառուցվածքների արդիականացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել ենք նաև Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։ Կարևորել ենք առկա համագործակցության շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով»,- գրել է նախարարը։