Կենսաբազմազանության ոլորտում Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի շրջանակում հարուստ երկրները չկարողացան կատարել 2025 թվականին 20 միլիարդ դոլար հատկացնելու պարտավորությունը, թեև կարող էին զգալիորեն մոտենալ այդ ցուցանիշին։ Այս մասին Երևանի COP17-ի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոակտիվիստուհի, միջազգային բնապահպանական «Greenpeace» կազմակերպության աշխատակից Իրեն Վաբիվա Բետոկոն։ «Այս տարվա COP17 համաժողովից մենք ակնկալում ենք, որ զարգացած երկրները ոչ միայն ամբողջությամբ կվերացնեն այդ պակասուրդը, այլև կձգտեն հասնել 2030 թվականի համար սահմանված 30 միլիարդ դոլարի նպատակին։ Հակառակ դեպքում մենք չենք կարող խոսել ծրագրի շրջանակում սահմանված նպատակների հասնելու մասին։ Անընդունելի է այն իրավիճակը, երբ զարգացող և զարգացած երկրները շարունակում են շարժվել սխալ ուղղությամբ։ Նրանք պետք է շտկեն իրենց մոտեցումներն ու գործողությունները, ինչպես նաև սկսեն իրականացնել արդյունավետ ծրագրեր։ Մենք տեսնում ենք, որ մի շարք կողմեր պնդում են լրացուցիչ միջոցների հատկացումը, իսկ զարգացած երկրները փորձում են խուսափել իրենց ուղիղ պարտավորություններից՝ ուշադրությունը տեղափոխելով մասնավոր ֆինանսավորման վրա։ Իհարկե, մասնավոր հատվածը նույնպես պետք է իր ներդրումն ունենա, սակայն հիմնական պատասխանատվությունը հենց զարգացած երկրների վրա է, և նրանք չպետք է մասնավոր ներդրումներն օգտագործեն որպես սեփական պարտավորություններից խուսափելու միջոց։ Բացի այդ, COP17 համաժողովում թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրներն առաջ են մղում կենսաբազմազանության ոլորտում «կրեդիտների» և «փոխհատուցումների» գաղափարը՝ որպես ֆինանսական ճեղքվածքը հաղթահարելու միջոց։ Սակայն նման մեխանիզմները չպետք է վերածվեն բնության ոչնչացման «արտոնագրի»։ Մեզ պետք են լուծումներ, որոնք կլինեն էկոլոգիապես անվտանգ և առաջնային կդարձնեն մարդկանց շահերը։ Կենսաբազմազանության ոլորտում «կրեդիտներն» ու «փոխհատուցումները» այն լուծումը չեն, որի վրա արժե խաղադրույք անել։ Մենք նաև տեսնում ենք, որ COP17-ում երկրները՝ հատկապես հարուստները, փորձում են ուշադրությունը պետական միջոցներից տեղափոխել մասնավոր ներդրումների վրա։ Սա անընդունելի է։ Նրանք պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես ներգրավել նշանակալի ֆինանսական ռեսուրսներ, ինչը երբեք չեն կարող ապահովել մասնավոր մեխանիզմները, ինչպիսիք են «կենսաբազմազանության պահպանման կրեդիտները»։ Մենք չենք պնդում, որ մասնավոր հատվածն ազատված է մասնակցությունից. այն պետք է իր ներդրումն ունենա։ Սակայն առաջնահերթությունը պետք է տրվի պետական ֆինանսավորմանը։ Որոշ երկրներ հայտարարում են միջոցների բացակայության մասին, բայց հարցը ամենևին էլ համաշխարհային հարստության պակասը չէ. գումար կա։ Պետք է պարզապես ընտրել ճիշտ ուղղությունը և ընդունել ճիշտ որոշումներ», — նշել է էկոակտիվիստուհին։