ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Այն համապատասխանաբար ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և Գենտի համալսարանի ռեկտոր Պետրա դե Սուտերը: Հուշագրի շրջանակում Գենտի համալսարանում կիրականացվեն Հայաստանի մշակույթի և պատմության դասընթացներ, կկազմակերպվեն աշխատաժողովներ, սեմինարներ, թեմատիկ գիտական օրեր, գործող դասընթացների շրջանակում կմշակվեն ուսումնական մոդուլներ, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտությանը վերաբերող հանրային իրազեկման միջոցառումներ: ԿԳՄՍ նախարարությունը, նպատակ ունենալով խթանել ամբողջ աշխարհում հայագիտության տարածումն ու զարգացումը, համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների հետ՝ ֆինանսավորելով հայագիտական առարկաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի դասավանդումն ու ուսումնասիրությունը, հետազոտական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը: Ներկայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ 11 երկրի 14 առաջատար համալսարաններում (Հռոմի Լա՛Սապիենցա, Վենետիկի Կա՛Ֆոսկար, Զալցբուրգի համալսարաններ, Մադրիդի Կոմլյուտենս, Արգենտինայում՝ Քեննեդիի և Ռոսարիոյի համալսարաններ, Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Թրակիայի Դեմոկրիտ համալսարան, Կահիրե համալսարան և այլն) գործող հայագիտական կենտրոններում և ամբիոններում կազմակերպվում են դասընթացներ, իրականացվում են գիտական ու հետազոտական աշխատանքներ: Յուրաքանչյուր տարի վերոնշյալ համալսարանների թիվն ավելանում է՝ ընդլայնելով համագործակցության աշխարհագրությունը և ապահովելով հայագիտական կրթության ու գիտության շարունակական զարգացումը։ Հայագիտական կենտրոնների միջև համագործակցության ամրապնդումը և միջազգային ակադեմիական շրջանակներում հայագիտության տեսանելիության բարձրացումը պետական քաղաքականության առանցքային ուղղություն են դիտվում։ Կարևորելով հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակաբար աջակցում է դրանց զարգացմանը՝ նպաստելով նոր կրթական ու հետազոտական նախաձեռնությունների իրականացմանը, գիտական փորձի փոխանակմանը և հայագիտական ուսումնասիրությունների կայունության ապահովմանը։
Հայաստան
ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Սկզբնաղբյուր: KARTSIQ