Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի անդրսահմանային հրդեհների կառավարման, կլիմայական դիմակայունության և վաղ ազդարարման հարցերով համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը: Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի (OCEEA) նախաձեռնությամբ՝ «Հարավ-Արևելյան Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության ռիսկերի արձագանքման հզորացում» արտաբյուջետային տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Հանդիպման առանցքային նպատակն էր երկու երկրների միջև համատեղ աշխատանքային խմբի պաշտոնական գործարկումը, դրա գործունեության ձևաչափի, կազմի և առաջնահերթությունների համաձայնեցումը, ինչպես նաև անտառային հրդեհների կանխարգելման ու կլիմայական դիմակայունության բարձրացման հետագա քայլերի նախանշումը: Աշխատանքային քննարկումների առանցքում եղել են սահմանամերձ հատվածներում տեղեկատվության օպերատիվ փոխանակման, հրդեհների կանխարգելման և արձագանքման մեխանիզմների, ինչպես նաև հետագա համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման հարցերը: ԵԱՀԿ-ի փորձագիտական դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է լանդշաֆտային ու անտառային հրդեհների հավանականությունը, իսկ սահմանամերձ գոտիներում հրդեհների կառավարումը պահանջում է անդրսահմանային սերտ կոորդինացիա և վաղ ազդարարման միասնական համակարգեր: Էդուարդ Կարապետյանը գործընկերներին է ներկայացրել Ծառայության կողմից անտառապահպանության և հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ոլորտը կարգավորող իրավական հիմքերը: Էկոպարեկային ծառայության կողմից ներկայացվել են հետևյալ առաջարկությունները. Սահմանային տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանցման համար հստակ հաղորդակցման ուղիների սահմանում Հայաստանի և Վրաստանի հրդեհաշիջման ու վաղ ազդարարման ոլորտի կարգավորումների, տեխնիկական միջոցների և հնարավորությունների փոխադարձ ուսումնասիրություն Սահմանամերձ գոտիներում կազմակերպվող համատեղ վարժանքներին փոխադարձ մասնակցության ապահովում:
Հայաստան
Հայաստան–Վրաստան համագործակցություն՝ անդրսահմանային հրդեհների կառավարման և վաղ ազդարարման ոլորտում

Սկզբնաղբյուր: KARTSIQ