Սլովենիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել եվրաինտեգրման փորձով։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սլովենիայի արտգործնախարար Թոմ Կայզերը։ Արձանագրելով եվրաինտեգրման հարցերում երկրի հարուստ փորձը՝ նախարարը հիշեցրել է, որ Սլովենիան ժամանակին Հարավսլավիայի մաս է կազմել. «Դա ժողովրդավարական երկիր չէր»։ Հանրաքվեի ժամանակ Սլովենիայի բնակչության 90 տոկոսը որոշեց, որ ցանկանում է ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և ազատ տնտեսություն։ ԵՄ անդամ դառնալու համար երկիրը երկար ճանապարհ է անցել, իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Թոմ Կայզերի խոսքով՝ նման պետության առանցքն օբյեկտիվ դատական համակարգն է։ «Բայց ամեն ինչի հիմքում ժողովրդի կամքն է. պետք է լսել ժողովրդին»,- հայտարարել է նախարարը՝ գովելով Հայաստանին գրանցած առաջընթացի համար։ Այցի շրջանակում մասնակցելով նաև Երևանում անցկացվող COP 17-ի նիստին՝ ԱԳ նախարարն ընդգծել է երկու պետությունների հարուստ կենսաբազմազանությունն ու պատրաստակամություն հայտնել փորձի փոխանակում իրականացնել նաև այս ոլորտում։ Կայզերը հիշեցրել է, որ հենց Սլովենիան է առաջարկել հիմնել Մեղուների համաշխարհային օրը, և հավելել. «Մենք գիտենք՝ ինչպես հոգ տանել շրջակա միջավայրի մասին և միաժամանակ ծավալել բնությունը չվնասող տնտեսական գործունեություն։ Կարևորը ճիշտ հավասարակշռություն գտնելն է, որպեսզի համատեղվեն բնության պահպանությունն ու ժողովրդի բարգավաճումը»։