Սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամենասև էջերից է․ օր, երբ ադրբեջանական ագրեսիայից ու ամիսների սովից հետո Արցախը դատարկվեց իր հազարամյա տերերից։ Սակայն այս ողբերգության ամենադառն կողմերից մեկը քաղաքական այն դավաճանական լռությունն է, որը տիրում է մինչ օրս։ Այսօր՝ հենց այս տարելիցի օրը, դարձյալ տիրում է նույն անտարբերությունը․ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ նրա թիմակիցների կողմից չկա ոչ մի հայտարարություն, ոչ մի ուղերձ։ Այո՛, Քոչարյանը հայտարարություններ անում էր, 2023-ի սեպտեմբերի 2-ին էլ մասնակցեց Երևանում Արցախի աջակցության հանրահավաքին։ Բայց հայտարարություններից այն կողմ ի՞նչ արեց Արցախի առաջին նախագահը։ Ի՞նչ ռեսուրս ու ազդեցություն դրեց սեղանին՝ այդ աղետը կանխելու համար։ Երբ 2023-ի օգոստոսին ու սեպտեմբերին արցախցիները դուրս էին եկել Երևանի փողոցներ՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը, նա ընտրեց անվտանգ դիտորդի դերը։ Հուսահատված արցախցիներն իզուր չէին տարածում «Փնտրվում է Արցախի առաջին նախագահը» պաստառները․ սա դառն արձանագրում էր, որ նա պարզապես լքեց սեփական ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը չի վերացնում գլխավոր հարցը․ որտե՞ղ էր Քոչարյանի խոստացած պայքարը։ 2023-ի մայիսին նա ասում էր․ «Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»։ Այսօր այդ խոսքերը կարելի է վերադարձնել իրեն․ Պարո՛ն Քոչարյան, Արցախը սովի մեջ էր, հետո հայաթափվեց։ Որտե՞ղ էր Ձեր պայքարը։ Այս անգործությունն ու շարունակական լռությունը փաստացի լուռ համաձայնություն էին Փաշինյանի հետ՝ Արցախը հանձնելու հարցում։ Պատմությունը դատելու է բոլորին․ և՛ նրանց, ովքեր իրագործեցին Արցախի հանձնումը, և՛ նրանց, ովքեր իրենց լռությամբ ու «պայքար ձևացնելով» կանաչ լույս վառեցին դրա համար։ Պատմությունը հիշում է ոչ թե նրանց, ովքեր հաճախ ասացին «Արցախ», այլ նրանց, ովքեր իրականում կանգնեցին նրա կողքին։
Վերլուծություն
Որտե՞ղ էր Ռոբերտ Քոչարյանը Արցախի հայաթափման օրերին

Սկզբնաղբյուր: KARTSIQ