Թուրքիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ

Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգըչը հրավիրվել է Իրանի ԱԳՆ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո, գրել է Tasnim-ը։

Արտաքին գործերի նախարարի օգնական, Իրանի արտգործնախարարության Միջերկրական եւ Արեւելյան Եվրոպայի վարչության գլխավոր քարտուղար Մահմուդ Հեյդարին դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիան պետք է խուսափի անտեղի մեկնաբանություններից, որոնք կարող են տարաձայնություններ կամ լարվածություն առաջացնել երկկողմ հարաբերություններում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ երկու հարեւանների ընդհանուր շահերը։

Իրանցի դիվանագետը սիոնիստական ​​ռեժիմի մշտական ​​ագրեսիայի եւ էքսպանսիոնիզմի գործողությունները բնութագրել է որպես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամենամեծ սպառնալիքը:

«Ակնկալվում է, որ իսլամական խոշոր երկրներն իրենց ջանքերը կկենտրոնացնեն Պաղեստինի ճնշված ժողովրդի եւ տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Սիրիայի դեմ սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները եւ ագրեսիան դադարեցնելու վրա»,- ասել է Հեյդարին թուրք դեսպանին։

Իր հերթին Քիրլանգըչը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնման օգտին։

Դեսպանի խոսքով՝ Թուրքիան եւ Իրանը պետք է սերտորեն համագործակցեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու եւ առկա սպառնալիքներին դիմակայելու համար։

Ավելի վաղ Ֆիդանը Al Jazeera-ի հարցազրույցում ասել էր, որ Իրանը վիթխարի միջոցներ է ծախսել «հանուն տարածաշրջանում իր նվաճումների»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով