ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե Կիեւը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Վլադիմիր Զելենսկին ժողովրդականություն չի վայելում։
«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում ընտրություններ չեն եղել, երբ Ուկրաինայում ռազմական դրություն է։ Որտե՞ղ է Ուկրաինայի առաջնորդը։ Նկատի ունեմ այն, որ ինձ համար հաճելի չէ ասել դա, բայց նրա հավանության վարկանիշը նվազել է մինչեւ 4 տոկոս: Երկիրը բզկտված է, քաղաքների մեծ մասն ավերված է։ Շենքերը քանդված են։ Դա նման է հսկայական ապամոնտաժված հարթակի»,- ասել է նա լրագրողներին՝ Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչի մոտ գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում իր նոր հրամանագրերը ստորագրելուց հետո:
«Ես կասեի, որ երբ նրանք ցանկանան տեղ ունենալ [կարգավորման բանակցությունների] սեղանի շուրջ, Ուկրաինայի ժողովուրդը մի՞թե չպետք է ասի, որ մենք վաղուց ընտրություններ չենք ունեցել»,- ընդգծել է նախագահը։ Պետության ղեկավարի խոսքով՝ նա չի ասում սա, քանի որ Ռուսաստանի իշխանությունները նման կերպ են արտահայտվել։ «Դա այն է, ինչ ասում եմ ես եւ շատ այլ երկրներ»,- նշել է Թրամփը։

