Աշխարհում ոսկու խոշորագույն գնորդները ներկայում Արևելյան Եվրոպայի կենտրոնական բանկերն են. Bloomberg

Չեխիայի Կենտրոնական բանկի նախագահ Ալես Միխլը 2024-ին թռավ Լոնդոն՝ Անգլիայի Բանկի երկաթբետոնե պահոցներում պահվող ոսկու ձուլակտորների աճող բուրգը տեսնելու նպատակով: Չեխիայի ազգային բանկում պահվող թանկարժեք մետաղների պաշարները ստուգելու Ալես Միխլի առաքելությունը հաջորդ երեք տարիների ընթացքում երկրի պաշարները կրկնապատկելու՝ հասցնելով 100 մետրիկ տոննայի նրա հայտարարված նկրտումների մի մասն էր միայն: 2022 թվականին նրա պաշտոնը ստանձնելուց ի վեր դրանք հինգ անգամ ավելացել են, գրում է Bloomberg-ը։

Միխլի գործընկերները Վարշավայից մինչև Բելգրադ նույնպես միանում են ոսկու տենդին, որպեսզի դիվերսիֆիկացնեն ներդրումները և խաղադրույք կատարեն ապագա գների բարձրացման վրա, ինչն Արևելյան Եվրոպան դարձնում է մետաղի խոշորագույն գնորդներից մեկն ու նպաստում ոսկու գները բարձրացմանը, շեշտում են լրատվամիջոցները:

Ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը համալրում են իրենց ոսկու զինանոցները՝ որպես պաշտպան արտաքին ցնցումներից, ինչպիսին են հնարավոր առևտրային պատերազմները, որոնք առաջացել են Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունից և Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունից: Սակայն Արևելյան Եվրոպայի դրամավարկային քաղաքականության պահապաններն առանձնակի ցուցադրական կերպով  համալրում են իրենց ոսկու պաշարները:

«Սերբական իշխանություններն արտասահմանում պահվող իրենց պաշարները տեղափոխել են տուն՝ Բելգրադում դրանց անվտանգությունն ապահովելու և պահեստավորման ծախսերը կրճատելու միտումով: Անվտանգության զգացում ունենալու ցանկությունը կարևոր դրդապատճառ է տարածաշրջանում, որը նախկինում ավերվել է եվրոպական պատերազմներից և այժմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, բախվում է մայրցամաքի ամենամահաբեր հակամարտությանը:

Սերբիայի կենտրոնական բանկի ղեկավար Յորգովանկա Տաբակովիչը 2012 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր եռապատկել է երկրի ոսկու պաշարները՝ հասցնելով 48 տոննայի:

Նա նշում է, որ ոսկու պաշարների կուտակումն իրականացվել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ սերտ համագործակցությամբ, որը ոսկու գնումներին աջակցելու համար «ռազմավարական մտածողություն, գլոբալ աշխարհաքաղաքական հարաբերությունների իմացություն և տեղեկատվություն» է ապահովել։

Լեհաստանը, որը սահմանակից է Ուկրաինային և Կիևի պատերազմական նպատակների ջատագովն է, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի վերջին տվյալների՝ երկրորդ եռամսյակում դարձել է ոսկու աշխարհի խոշորագույն  գնորդը: Լեհաստանի կենտրոնական բանկի ղեկավար Ադամ Գլապինսկին հայտարարել է, որ տնտեսությունը աղետալի իրադարձություններից պաշտպանելու համար արժութային պահուստները չափազանց կարևոր են:

Գործակալությունը նշում է, որ սեպտեմբերի դրությամբ Գլապինսկին ավելացրել է իր ոսկու ձուլակտորների պաշարները, հասցնելով մինչև մոտ 420 տոննայի, ինչը մոտավորապես Հնդկաստանի կամ Ճապոնիայի պաշարների կեսն է:

Պրահայի կենտրոնական բանկը կարող է՝ պարծենալ մոտ 150 միլիարդ դոլար արժութային պահուստներով, որոնք կազմում են համախառն ներքին արդյունքի գրեթե կեսը և ըստ ծավալի խոշորագույներից մեկն է աշխարհում:

Չեխիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Ալես Միխլը, ում դիվերսիֆիկացման ծրագիրը ներառում է բաժնետոմսերի գնումը ԱՄՆ-ում, որոշ քննադատության է ենթարկվել ոսկի գնելու համար, քանի որ ոսկու գինն այս տարի շուկայական ռեկորդ է սահմանել: Արժույթի պաշտոնյաները պնդում են, որ երկարաժամկետ գնումները կլինեն աստիճանաբար՝ նվազեցնելով գների անկայունության ազդեցությունը: Աշխարհաքաղաքական քամիների աճով, ոսկի գնելը դրամավարկային քաղաքականություն մշակողների համար լավ խաղադրույք է դարձել:

Goldman Sachs Group-ն այս մետաղը ներառել է 2025 թվականի իր հիմնական ապրանքների ցանկում՝ հայտարարելով, որ Թրամփի նախագահության օրոք գները կարող են շարունակել աճել և մինչև հաջորդ տարվա դեկտեմբեր հասնել ունցիայի դիմաց 3000 դոլարի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով