Խաղաղ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը, սակայն Ուկրաինայում հակամարտությունը հաջողությամբ ավարտելու համար պետք է լուծել դրա հիմնական պատճառները: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը, բայց հաջողության հասնելու համար, եւ մենք խորապես համոզված ենք դրանում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության բուն պատճառները, ինչպես բազմիցս ընդգծել է ՌԴ նախագահը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման ժամանակ։
Լավրովը նաեւ ընդգծել է, որ մինչեւ հատուկ ռազմական գործողությունը եւ արդեն դրա սկսվելուց հետո երկար տարիներ Ռուսաստանն «առաջարկել եւ առաջարկում է ուկրաինական կողմին լուծել բոլոր խնդիրները, որոնք տարեցտարի ավելի են լրջանում, երկխոսության եւ դիվանագիտության միջոցով»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել այն երկրների կառավարություններին, որոնք իրենց ծառայություններն են մատուցել ռուսական եւ ուկրաինական կողմերի միջեւ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման համար։

