Ուկրաինան պետք է ունենա սեփական պաշտպանությունը, քանի դեռ շարունակվում է ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը: Դա կարող է լինել միջուկային զենք կամ ավելի մեծ թվով հրթիռներ, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ Զելենսկու, եթե Ուկրաինան դեռ չմիանա ՆԱՏՕ-ին, ապա երկիրը պաշտպանության կարիք ունի այն ամբողջ ընթացքում, երբ այդ գործընթացը շարունակվում է։
«Եթե այս գործընթացը ձգձգվի տարիներ կամ տասնամյակներ, ոչ թե մեր, այլ մեր գործընկերների պատճառով, ապա մենք միանգամայն արդար հարց ունենք՝ ի՞նչն է մեզ պաշտպանելու այս չարիքից այդ ամբողջ ճանապարհին: Ի՞նչ աջակցության փաթեթ, ի՞նչ հրթիռներ։ Մեզ միջուկային զենք կտա՞ն արդյոք։ Ուրեմն թող մեզ միջուկային զենք տան։ Մեզ այնպիսի քանակությամբ հրթիռներ կտա՞ն, որ կարողանանք կասեցնել Ռուսաստանին»,- ասել է Զելենսկին։
Նրա կարծիքով, դա կարող է միառժամանակ զսպել Ռուսաստանի ախորժակը։
«Վերադարձրեք մեզ մեր միջուկային զենքերը, տվեք մեզ հրթիռային համակարգեր, գործընկերներ, օգնեք մեզ ֆինանսավորել միլիոնանոց բանակը, ձեր զորախումբը տեղափոխեք մեր պետության այն հատվածները, որտեղ մենք ցանկանում ենք իրավիճակի կայունություն ունենալ, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

