Այսօր՝ փետրվարի 19-ին, սկսվում է Քիտ Քելոգի այցը Կիեւ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, պաշտոնյաների եւ զինվորականների հետ, հնարավոր է նաեւ ռազմաճակատ գնա։
Մայրաքաղաքի երկաթուղային կայարանում Քելոգին դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիք Բրինքը։ Թրամփի հատուկ ներկայացուցիչը հանդես է եկել կարճ հայտարարությամբ։
«Մենք կլսենք։ Մենք պատրաստ ենք տրամադրել այն, ինչ ձեզ հարկավոր է։ Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։ Իմ առաքելության մի մասը լսելն է: Այնուհետեւ ես կվերադառնամ ԱՄՆ եւ կխոսեմ նախագահ Թրամփի հետ՝ համոզվելու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելոգը փետրվարի 18-ին Լեհաստանից գիշերային գնացքով մեկնել է Կիեւ։
Ամերիկացի գեներալը հայտնել է, որ փետրվարի 19-ի առավոտյան Վարշավայից գնացքով Կիեւ է ժամանելու եւ Ուկրաինայում կմնա երեք օր։ Այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

