Կահիրեի պլանի համաձայն՝ Գազայի վերականգնման համար կպահանջվի 38 մլրդ դոլար. Al Hadath

Գազայի հատվածի վերականգնումը, համաձայն Եգիպտոսում պատրաստված ծրագրի, կարժենա 38 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում կատարելով փաստաթղթին, որը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների ղեկավարները, ինչպես ակնկալվում է, կքննարկեն երեքշաբթի Կահիրեում ընթացող գագաթաժողովում։

«Պաղեստինյան Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը նախատեսում է 38 մլրդ դոլարի հատկացում, որի մեծ մասը կուղղվի բնակարանների վերականգնմանը»,- մեջբերել է հեռուստաալիքը փաստաթղթից մի հատված։ Նախագծի համաձայն՝ վերականգնման գործընթացը տեղի կունենա երկու փուլով. «առաջինը կտեւի երկու, երկրորդը՝ երկուսուկես տարի»։ Ծրագիրը նախատեսում է պաղեստինյան անկլավի «վերակառուցման շրջանում մի քանի քաղաքներում ժամանակավոր բնակարանների տրամադրում»։

Ինչ վերաբերում է հատվածի ապագա կառավարմանը, Եգիպտոսն առաջարկում է «տեխնոկրատների անկախ կոմիտեի ձեւավորում», որը վեց ամսվա ընթացքում կստանձնի այդ գործառույթը։ Բացի այդ, ակնկալվում է, որ Եգիպտոսն ու Հորդանանը «կուսուցանեն պաղեստինյան ոստիկանությանը՝ Գազայի հատվածում իրենց ուժերի տեղակայմանը նախապատրաստվելու համար»:

Մարտի 2-ին Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին ասել է, որ «Գազայի հատվածի վերականգնման ծրագիրն արդեն պատրաստ է», եւ ակնկալվում է, որ այն կհաստատվի մարտի 4-ին Կահիրեում կայանալիք Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթաժողովում։ Մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով