«Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այս մասին հուլիսի 21-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի»,- ասել է Հովակիմյանը։
Միջնորդությունը կքննվի այսօր՝ հուլիսի 21-ին։
Հովակիմյանը պարզաբանել է, որ մինչև նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ստանձնումը՝ օգոստոսի 2-ի ժամը 10:00-ն, ընտրված պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն տալու իրավասությունը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Հուլիսի 21-ին հաստատվել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։ Գրանցվել ու մանդատ է ստացել նաև Նարեկ Կարապետյանը։
Օգոստոսի 2-ի ժամը 10:00-ից հետո, երբ մեկնարկի Ազգային ժողովի առաջին նիստը, անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազությունը պետք է դիմի արդեն խորհրդարանին:
Դատախազությունից չեն հայտնում, թե քրեական ինչ վարույթի շրջանակներում են նախատեսում քրեական հետապնդում հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ։

