Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարչական պատասխանատվության է ենթարկել «ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին՝ կուսակցության ղեկավար մարմնի անդամի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու համար։ Հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Կարապետյանի նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամ վարչական տուգանք։ Այս մասին հայտնում է Iravaban.net՝ հղում անելով ԿԿՀ-ին։
«Հանձնաժողովը կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերի ստուգման ընթացքում պարզել է, որ Սամվել Կարապետյանը, որը 2026 թվականի փետրվարի 27-ից գրանցված է որպես «ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ և մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, չի ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։
2026 թվականի մարտի 24-ին և 30-ին ԿԿՀ-ն նրան էլեկտրոնային փոստով ծանուցել է հայտարարագիր ներկայացնելու պարտականության մասին՝ ուղարկելով ծանուցումներ ինչպես կուսակցության պաշտոնական, այնպես էլ e-citizen հասցեներին։ Քանի որ ծանուցման ստացումը չէր հաստատվել և հայտարարագիրը չէր ներկայացվել, ապրիլի 6-ին նույն ծանուցումն ուղարկվել է նաև պատվիրված փոստով՝ բնակության հասցեով, իսկ ապրիլի 13-ին հրապարակվել է նաև Azdarar.am կայքում։ Օրենքի ուժով Սամվել Կարապետյանը ապրիլի 23-ից համարվել է պատշաճ ծանուցված, սակայն դրանից հետո տրված 30-օրյա ժամկետում նույնպես հայտարարագիր չի ներկայացրել։
Դեռ մարտի 25-ին Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դիմել էր ԿԿՀ՝ նշելով, որ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Կարապետյանի նկատմամբ երկարաձգված տնային կալանքը ներառում է կապի միջոցներից օգտվելու, նամակագրություն վարելու և նույնիսկ փոստային առաքանի ստանալու արգելք։ Ըստ պաշտպանի՝ այդ սահմանափակումները գործնականում անհնար էին դարձնում հայտարարագրի համար անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրումն ու լրացումը։
Նա խնդրել էր լրացուցիչ ժամկետ տրամադրել կամ Հանձնաժողովի կողմից դիմել նախաքննության մարմնին՝ հայտարարագրման գործընթացը կազմակերպելու նպատակով։
ԿԿՀ-ն պատասխանել է, որ օրենքը իրավունք չի տալիս երկարաձգել հայտարարագրի ներկայացման ժամկետը։ Միաժամանակ առաջարկել է այլ լուծումներ՝ հայտարարագրի լրացումը կազմակերպել լիազորված անձի միջոցով, ներգրավել հաշվապահների կամ ֆինանսական պատասխանատուների, ինչպես նաև դիմել վարույթ իրականացնող մարմնին՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու կամ անհրաժեշտ տվյալները ստանալու թույլտվության համար։ Հանձնաժողովը նաև հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է քննարկել հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացնելու տարբերակը։
Թեև ԿԿՀ-ն չէր կարող երկարացնել հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, այն երկու անգամ՝ հունիսի 23-ին և հուլիսի 2-ին, յուրաքանչյուր անգամ տասը օրով երկարաձգել է վարչական վարույթի քննության ժամկետը։ Այս ընթացքում Հանձնաժողովը Սամվել Կարապետյանին հնարավորություն է տվել դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին՝ տնային կալանքի պայմաններում բանկ այցելելու և հայտարարագրի լրացման համար անհրաժեշտ տվյալները ստանալու թույլտվություն ստանալու նպատակով։
Վարույթի ընթացքում Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ Հայկուհի Նիկոլայանը հայտնել է, որ հայտարարագրման հիմնական խոչընդոտը բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացումն է։ Նրա խոսքով՝ Կարապետյանը տնային կալանքի պայմաններում չէր կարող անձամբ այցելել բանկեր և ստանալ անհրաժեշտ տեղեկությունները։
ԿԿՀ-ն հակադարձել է, որ բանկային քաղվածքները հաճախորդներին ուղարկվում են էլեկտրոնային փոստով, հասանելի են նաև բջջային հավելվածներով, իսկ անհրաժեշտության դեպքում տվյալները հնարավոր էր ստանալ լիազորագրի միջոցով կամ նույնականացումից հետո՝ հեռավար եղանակով։ Ներկայացուցիչը պատասխանել է, որ լիազորագրով ստացվող տեղեկությունների ծավալը շատ ավելի մեծ է, քան հրապարակվող հայտարարագրում ներառվող տվյալները, ուստի Կարապետյանը չի ցանկացել երրորդ անձի տրամադրել իր բանկային ամբողջ տեղեկատվությունը։
Հանձնաժողովը վարույթի ընթացքում մի քանի անգամ հետաքրքրվել է՝ արդյո՞ք Սամվել Կարապետյանը կամ նրա պաշտպանները դիմել են դատարանին կամ վարույթ իրականացնող մարմնին՝ բանկ այցելելու թույլտվություն ստանալու համար։ Ներկայացուցիչը հայտնել է, որ նման տեղեկության չի տիրապետում, քանի որ քրեական գործով ներկայացուցիչ չէ։ ԿԿՀ-ն արձանագրել է, որ գործի նյութերում որևէ ապացույց չկա այն մասին, որ նման միջնորդություն ներկայացվել է և մերժվել։
Հանձնաժողովը հատուկ անդրադարձել է 2026 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ մտած փոփոխությանը, որով Քրեական դատավարության օրենսգիրքը լրացվել է նոր դրույթով։ Ըստ այդ փոփոխության՝ տնային կալանքով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն գործողությունների վրա, որոնք անհրաժեշտ են օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու համար, եթե դրանց չկատարումը կարող է առաջացնել իրավական պատասխանատվություն։ ԿԿՀ-ն եզրակացրել է, որ հայտարարագիր ներկայացնելը հենց այդպիսի պարտականություն է, հետևաբար հուլիսի 6-ից հետո տնային կալանքը չէր կարող իրավական խոչընդոտ համարվել։
Պաշտպանությունը նաև պնդել է, որ վարչական վարույթը պետք է կասեցվեր մինչև Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի ավարտը։ Հանձնաժողովը մերժել է այս պահանջը՝ նշելով, որ քրեական գործը չի վերաբերում հայտարարագիրը չներկայացնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հարցին, հետևաբար երկու վարույթների միջև չկա այնպիսի անմիջական կապ, որը կխոչընդոտեր վարչական որոշման կայացմանը։
Որոշման մեջ նշվում է նաև, որ կուսակցությունն ինքն էլ ուշացումով է տեղեկացրել Հանձնաժողովին Սամվել Կարապետյանի պաշտոնավարման մասին՝ օրենքով սահմանված երեք օրվա փոխարեն համապատասխան տեղեկությունը ներկայացնելով միայն մարտի 18-ին։ Սակայն, ԿԿՀ-ի գնահատմամբ, այդ ուշացումը նույնիսկ ավելի երկար ժամանակ էր տվել Կարապետյանին հայտարարագիրը ներկայացնելու համար։
Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ Սամվել Կարապետյանը կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնել է արդեն իսկ տնային կալանքի պայմաններում և պետք է կանխատեսեր այդ պաշտոնից բխող հայտարարագրման պարտականությունների առաջացումը։ Բացի այդ, ԿԿՀ-ն նշել է, որ նախկինում վարչական վարույթներ հարուցվել են նաև տնային կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ, իսկ այլ դեպքերում նույնիսկ ազատազրկման վայրերում գտնվող հայտարարատուները ներկայացրել են հայտարարագրերը, այդ թվում՝ թղթային եղանակով։
Հանձնաժողովը հատուկ ընդգծել է, որ մինչ վարույթի ավարտը ստացել էր Սամվել Կարապետյանի հայտարարագրի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվական հարցումներ, իսկ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ էին կատարվում նրա հնարավոր գույքային դրության վերաբերյալ։ ԿԿՀ-ի գնահատմամբ՝ հայտարարագրի բացակայությունը սահմանափակել է հանրության՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձի ֆինանսական վիճակի մասին տեղեկություններ ստանալու իրավունքը և վնասել հայտարարագրման համակարգի նկատմամբ հանրային վստահությանը։
Ամփոփելով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ Սամվել Կարապետյանը կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը՝ չներկայացնելով հայտարարագիրը ոչ միայն օրենքով սահմանված ժամկետում, այլև Հանձնաժողովի գրավոր ծանուցումից հետո տրված լրացուցիչ 30 օրվա ընթացքում։
Հանձնաժողովը չի արձանագրել պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ և Կարապետյանի նկատմամբ կիրառել է օրենքով նախատեսված վարչական տույժը՝ 200 հազար դրամ տուգանք»,-գրում է լրատվամիջոցը։

