Եվրահանձնաժողովը 550 միլիոն եվրոյով տուգանել է չինական AliExpress օնլայն հարթակին։ Պատճառն այն է, որ ընկերությունը պատշաճ չի գնահատել և բավարար քայլեր չի ձեռնարկել իր առևտրային հարթակում ապօրինի, անանվտանգ և կեղծված ապրանքների վաճառքի հետ կապված ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Euronews-ը։
Այս որոշումը կայացվել է Եվրոմիության կողմից մինչև 150 եվրո արժողությամբ ծանրոցների համար 3 եվրոյի չափով ֆիքսված մաքսատուրք սահմանելուց ընդամենը մի քանի օր անց։ Նախկինում նման ծանրոցները ԵՄ էին մտնում առանց մաքսատուրքի, և սպասվում է, որ այս քայլը լուրջ ազդեցություն կունենա չինական առցանց հսկաների՝ AliExpress-ի, Shein-ի և Temu-ի բիզնես մոդելների վրա։
Հանձնաժողովի հետաքննությունը ցույց է տվել, որ, չնայած մոդերատորների ջանքերին, ապօրինի ապրանքների մեծ ծավալները, այդ թվում՝ վտանգավոր խաղալիքներն ու վնասակար կոսմետիկան, շարունակել են ազատ վաճառվել AliExpress-ում։ Իսկ առանձին դեպքերում նման հայտարարությունները կայքում մնացել են շաբաթներ շարունակ՝ նույնիսկ խախտման մասին նշում ստանալուց հետո։

