Վաշինգտոնը պետք է Ուկրաինային օգնություն ցուցաբերեր փոխառությունների տեսքով կամ փոխհատուցման որոշակի երաշխիքով։ Չորեքշաբթի ԱՄՆ ազգային հետախուզության նոր տնօրենի պաշտոնում Թուլսի Գաբարդի երդման արարողությունից հետո այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես աջակցում եմ Ուկրաինային։ Բայց ես ուզում եմ, որ մեր փողերը պաշտպանված լինեն»,- լրագրողներին ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները Կիեւին օգնություն են տրամադրում փոխառությունների տեսքով։
«Այս մասին ես ասել եմ [ԱՄՆ նախորդ նախագահ Ջո] Բայդենին։ «Ես ասել եմ, որ մենք պետք է պահանջենք կամ փոխառություն, կամ երաշխիքներ ինչ-որ ձեւով, օրինակ՝ նրանց նավթն ու գազը կամ որեւէ այլ բան այս փողի դիմաց»,- ասել է Թրամփը։ «Որովհետեւ դուք շատ ավելի շատ գումար եք հատկացնում, քան Եվրոպան, եւ դուք ոչ մի երաշխիք չունեք»,- ավելացրել է նա՝ խոսելով Կիեւին Վաշինգտոնի աջակցության մասին։
«Մենք կպաշտպանենք մեր փողերը»,- ընդգծել է Թրամփը՝ նկատի ունենալով Ուկրաինային օգնության ԱՄՆ ծախսերը։ «Նրանք ունեն հազվագյուտ հողեր, ունեն նավթ եւ գազ եւ շատ այլ բաներ: Եվ մենք խնդրում ենք ձեզ երաշխավորել մեր փողերի [վերադարձը]: Ուկրաինան համաձայնել է դրան»,- ավելացրել է ԱՄՆ առաջնորդը։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը շարունակում է օգնություն ցուցաբերել Կիեւին, նա դրական է պատասխանել, սակայն մանրամասներ չի հայտնել։

