Ես չեմ տեղադրել, տեղադրման հետ կապ չունեմ, մեր հարևաններն են տեղադրել, բայց չեմ էլ առարկում դրան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Փարաքարում իր տան դիմաց ապօրինի ցուցանակ է տեղադրված, ըստ որի՝ տվյալ հատվածում մեքենաներին արգելվում է ձայնային ազդանշան օգտագործել։ «Կխնդրեմ ձեզ մի օր, ժամ հենց վաղը, առավոտյան ժամը 7-ից գալ Իսահակ Գասպարյան փողոց, որտեղ ես եմ բնակվում, գաք ու հասկանաք ինչ է կատարվում։ Խցանումների պատճառով բոլորը փորձում են գյուղի հետադարձ ճանապարհով գնալ օդանավակայան կամ Էջմիածին, երկրորդ գյուղական ճանապարհով գալիս են Իսահակ Գասպարյան փողոցով հատվում են գլխավոր մայրուղուն։ Բոլորը ամեն օր մեծ պրոբլեմի մեջ են, մի քանի անգամ նույնիսկ բանը քաշքշոցի է հասել։ Այդ մարդիկ էլ ճարահատված, իրենք իրենց համար փորձել են ճար անեն»,–ասաց նա։ Դիտարկմանը, որ բազմաթիվ փողոցներում խցանումներ են և աղմուկ, ստացվում է, որ ով որտեղ ուզի՝ ցուցանակ կարող է տեղադրե՞լ, նա չքմեղացավ. «Ես չեմ որոշողը, որ գաք, մեր հարևանները ձեզ այդ պատասխանը կտան։ Ես չեմ կարող ասել՝ ամեն մեկը դնի, թե չդնի, որովհետև ես չեմ որոշել։ Ես ոչ մեկին կոչ չեմ անում՝ դնի, կամ չդնի։ Ես գնացի, իմ հարևաններին ասեցի՝ եկեք հանենք։ Ասում են՝ Լյուդվիգ ջան, իսկ ի՞նչ ես առաջարկում, գալո՞ւ ես մեր հետ կռիվ անես։ Ասում եմ՝ իհարկե ոչ։ Ընդհակառակը, քանի դեպք, որ եղել է, դուրս եմ եկել, հանդատրացրել եմ, փորձել եմ համոզել, որ առաջին տնից մինչև վերջին տունը, կան ծերեր, երեխաներ, ովքեր խնամքի կարիք ունեն, առավոտյան 7–ին մարդ կա քնած է, պետք չի սիգնալ տալ»։ Հարցին՝ հիմա այդ ցուցանակին նայելով վարորդները ազդանշան չեն տալի՞ս, Գյուլնազարյանը պատասխանեց. «Էլի տալիս են, բայց ինձ թվում է, երևի մարդը էլ կլինի, կնայի, չի տա»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքար համայնքի բնակիչներն ահազանգում են, որ ՔՊ-ական պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանի տան դիմաց ապօրինի ցուցանակ է տեղադրված, ըստ որի՝ տվյալ հատվածում մեքենաներին արգելվում է ձայնային ազդանշան օգտագործել։