Սեպտեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում գտնվող «Դելիս» գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։40-ի սահմաններում, նշված գիշերային ակումբի հաճախորդ, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սուրեն Խ․-ն, ալկոհոլի ազդեցության տակ, բռնել է գիշերային ակումբի պարուհիներից մեկի մազերից, որին միջամտել են ակումբի մյուս հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Սերգեյ Հ․-ն, նրա եղբայրը՝ 28-ամյա Կարեն Հ․-ն, և նրանց ընկեր, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Շամալ Ու․-ն։ Այդ ամենից հետո նրանք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, միմյանց ուղղությամբ նետել են գարեջրի շշեր և բաժակներ, ինչպես նաև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Նշված վիճաբանությանը միջամտել են ակումբի մյուս հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Էդվարդ Վ․-ն և նրա ընկերուհին՝ 48-ամյա Ալինա Մ․-ն, որոնք փորձել են բաժանել վերջիններիս, սակայն Սուրեն Խ․-ն գարեջրի շշով մի քանի անգամ հարվածել է Էդվարդ Վ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կայքի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Սուրեն Խ․-ն, Սերգեյ Հ․-ն, Շամալ Ու․-ն և Էդվարդ Վ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են, և ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հասարակություն
Ծեծկռտուք՝ Արտաշատի գիշերային ակումբներից մեկում․ շշով մի քանի անգամ հարվածել է միջամտած տղամարդու գլխին. կա 4 ձերբակալված

Սկզբնաղբյուր: KARTSIQ