«Կարծիք» լրատվականի խմբագրությունն ահազանգ է ստացել Երվանդ Քոչար 7 հասցեի շենքի բնակիչներից։ Պատճառը շենքի վերելակի վերանորոգման հապաղող աշխատանքներն են, որոնք լուրջ դժվարություններ են առաջացրել բնակիչների առօրյայում։ Բնակիչների փոխանցմամբ՝ վերելակի փոխարինման աշխատանքների շրջանակում հին վերելակն ամբողջությամբ ապամոնտաժվել է, իսկ նոր վերելակի մասերն արդեն բերվել են շենք։ Սակայն ընդամենը երկու օր աշխատելուց հետո գործընթացը կանգ է առել․ աշխատանքները չեն շարունակվում, իսկ տեղում որևէ բանվոր կամ մասնագետ չկա։ Շենքը սպասարկող համատիրությունից պնդում են, որ աշխատանքների ավարտի վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է, և իրենք պատրաստվում են մինչ այդ հասցնել։ Սակայն բնակիչները մտահոգ են, որ աշխատանքների դադարեցված լինելու պայմաններում այդ խոստումը կարող է չիրականանալ։ Վերելակի բացակայության պատճառով շենքի բնակիչները ստիպված են ամեն օր ոտքով բարձրանալ վերին հարկեր։ Ստեղծված իրավիճակից հատկապես տուժում են տարեցները, երեխաներով ծնողներն ու առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, ովքեր, փաստացի, հայտնվել են «զրկանքների» մեջ։ «Կարծիք» լրատվականը հետևողական է լինելու թեմայի զարգացմանը և պատրաստ է ներկայացնել նաև պատասխանատու մարմինների պաշտոնական պարզաբանումները։