Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում,՝դեպի Աղի լիճ տանող ճանապարհին, փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ են մնացել, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խմբեր։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում և հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։ Մեկ հոգու էլ փորձում են բետոնե ծածկի տակից դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։