Արտաշնչվող օդի ոչ ինվազիվ վերլուծությունը կարող է օգնել բժիշկներին որոշել՝ արդյոք թոքային հանգույցները չարորա՞կ են, թե՞ բարորակ։ Ավստրալացի գիտնականների իրականացրած հետազոտության համաձայն՝ այս մոտեցումը կարող է նպաստել թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշմանը և նվազեցնել ինվազիվ միջամտությունների անհրաժեշտությունը։ Հետազոտողները վերլուծել են արտաշնչվող օդը՝ օգտագործելով երկու փոխլրացնող մեթոդներ։ Առաջինը էլեկտրոնային քիթն է (eNose), որը բացահայտում է արտաշնչվող օդի բնորոշ քիմիական օրինաչափությունները։ Երկրորդը գազային քրոմատոգրաֆիան է՝ մասս-սպեկտրոմետրիայով (GC-MS), որը հայտնաբերում է որոշակի ցնդող օրգանական միացություններ։ Երկու մեթոդներն էլ զգալիորեն ավելի լավ են տարբերակել չարորակ և բարորակ թոքային հանգույցները, քան միայն ստանդարտ կլինիկական տվյալների վրա հիմնված մոդելները, հայտնել է Գրիֆիթի համալսարանի կենսաբժշկության և գլիկոմիկայի ինստիտուտի պրոֆեսոր և MedComm ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակ Չամինդի Պունյադիրան։ Ներկայում թոքերի հանգույցները գնահատելու համար օգտագործվում են ինվազիվ մեթոդներ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիայի ուղղորդմամբ բիոպսիան և բրոնխոսկոպիան։ Որոշ դեպքերում կասկածելի գոյացության բնույթը որոշելու համար կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն։ Հետազոտողների տվյալներով՝ ամեն տարի ամբողջ աշխարհում ախտորոշվում է թոքերի քաղցկեղի մոտ 2.5 միլիոն նոր դեպք։ Գրիֆիթի համալսարանից հետազոտության համահեղինակ Չժան Սին նշել է, որ թոքերի հանգույցների բիոպսիայի կատարումը կարող է տեխնիկապես դժվար լինել, հատկապես եթե գոյացությունները փոքր են կամ գտնվում են դժվար հասանելի տեղում: Միջամտությունը կարող է նաև հանգեցնել բարդությունների, այդ թվում պնևմոթորաքսի՝ պլևրալ խոռոչում օդի կուտակման, որը կարող է թոքերի կանգ առաջացնել: Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծել են, որ արտաշնչվող օդի վերլուծությունը նախատեսված չէ բիոպսիան փոխարինելու համար: Այն կարող է օգնել բժիշկներին նույնականացնել այն պացիենտներին, որոնց մոտ հանգույցներն ավելի հավանական է, որ չարորակ լինեն, և առաջնահերթություն տալ ինվազիվ թեստավորմանը նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Գիտնականների կարծիքով՝ ոչ ինվազիվ թեստի ներառումը ստանդարտ կլինիկական պրակտիկայում կարող է նաև հետագայում նվազեցնել բարորակ հանգույցներ ունեցող պացիենտների համար ավելորդ ինվազիվ միջամտությունների քանակը:
Հասարակություն
Արտաշնչվող օդի վերլուծությունը կարող է օգնել տարբերել թոքերի քաղցկեղային հանգույցները բարորակներից. հետազոտություն

Սկզբնաղբյուր: KARTSIQ