Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Այս մասին NEWS..am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: «Քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. դատարանը մասնակի է բավարարել միջնորդությունը. տնային կալանք է կիրառվել»,-հայտնեցին ՔԿ-ից: Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին. Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։ Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթը նախաձեռնվել էր անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Հասարակություն
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Սկզբնաղբյուր: KARTSIQ