Մարդկության գոյությանը սպառնացող արհեստական բանականության (ԱԲ) վտանգների շուրջ ծավալված քննարկումները խորապես անհանգստացրել են հանրությանը։ Politico-ի պատվերով անցկացված հարցման մասնակիցների մոտ կեսը կողմ է արտահայտվել ռիսկերը կանխելու նպատակով ԱԲ-ի զարգացման տեմպերի դանդաղեցմանը։ Հարցվածների կեսից ավելին այս կամ այն չափով հիմնավորված է համարում այդ վտանգները. ըստ վեց արևմտյան երկրներում անցկացված հարցման՝ ցուցանիշները տատանվում են՝ «մարդկությունը գրեթե հաստատ կոչնչանա» (միջինը 12%) տարբերակից մինչև նման ելքի «չափավոր ռիսկի» (25,8%) առկայությունը։ Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գործընթացն «արգելակելու» կողմնակիցների թիվը, որոնք կարծում են, թե ԱԲ-ն արդեն բավականաչափ զարգացած է, կազմել է 45,1%-ից 50,8%։ Մինչդեռ հարցվածների 30,6%-ից 39,8%-ն էլ կողմ է ավելի կատարելագործված մոդելների ստեղծմանը, որոնք կարող են «էական օգուտներ» բերել (մնացածը դժվարացել են պատասխանել): Հարցվածների 55-65%-ը զգալի («գրեթե անխուսափելի», «էական» կամ «չափավոր») է համարում մարդկության կործանման վտանգը, ինչի մասին վերջերս նախազգուշացնում են հենց ԱԲ-ի առաջատար հետազոտողները։ Միևնույն ժամանակ, 22-33%-ի կարծիքով՝ նման ռիսկերը չափազանց ցածր են կամ ընդհանրապես բացակայում են։ Politico-ն նկատում է, որ հարցվածների քաղաքական հայացքները գրեթե չեն ազդում նրանց անհանգստության աստիճանի վրա։ Օրինակ՝ 2024 թվականին Դոնալդ Թրամփի օգտին քվեարկածների 44%-ը գտնում է, որ ԱԲ-ի զարգացումը պետք է դանդաղեցնել, իսկ 40%-ը կարծում է, որ դա չարժե անել, և ԱՄՆ-ը չպետք է հետ մնա մյուս երկրներից՝ անգամ եթե դա հավելյալ ռիսկեր է առաջացնում։ Վերջին կես տարվա ընթացքում արևմտյան ԱԲ-ի առաջատար մշակողները սկսել են արձանագրել մոդելների «անհնազանդության» դեպքեր, երբ դրանք գործել են հրահանգներին հակառակ և շրջանցել իրենց համար սահմանված սահմանափակումները։ Օրինակ՝ OpenAI-ում փորձարկվող մոդելն ինքնակամ հրահանգներ է գրել իր համար, թե իբր ոչ մեկի չպետք է ենթարկվի («ո՛չ կորպորացիաներին, ո՛չ կառավարություններին»), ոչ մեկի առաջ չպետք է արդարանա, իսկ օգտատերերի հետ հարաբերությունները պետք է կառուցի հավասարը հավասարի սկզբունքով։ Anthropic ընկերության (Claude ԱԲ մոդել) հիմնադիր և ղեկավար Դարիո Ամոդեյը հրապարակայնորեն կոչ է արել դանդաղեցնել ԱԲ-ի զարգացումը, ինչպես նաև խստացնել հանրային ու փորձագիտական վերահսկողությունը։ Նա այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ իր աշխատակից Ջեյքոբ Քոքսոնը լքել է ընկերությունը՝ հայտարարելով, որ նոր տեխնոլոգիաները «մինչև տասնամյակի վերջ կարող են սպանել բոլորիս»։ Ամոդեյի կոչին աջակցել են նաև OpenAI, DeepMind և SpaceX ընկերությունների ղեկավարները։ Politico-ի հարցման համաձայն՝ մարդիկ հիմնավորված են համարում հետազոտողների նախազգուշացումները։ Այն հարցին, թե արդյոք ԱԲ լաբորատորիաների աշխատակիցներն իսկապես հավատում են սեփական մտավախություններին առ այն, որ «ԱԲ-ն կսպանի բոլորիս», թե դա պարզապես «մարքեթինգային հնարք է»՝ սեփական արտադրանքը գովազդելու համար, հարցվածները հիմնականում պատասխանել են, որ այդ զգուշացումներն անկեղծ են համարում։
Հասարակություն
Արևմտյան երկրների բնակիչների մեծամասնությունը վախենում է, որ արհեստական բանականությունը կկործանի մարդկությանը․

Սկզբնաղբյուր: KARTSIQ