Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանի շինհրապարակներից մեկում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ «Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնեցին ՔԿ–ից։ Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։ Երեք մահացածներից մեկը հայ է, երկուսն՝ Իրանի քաղաքացի։ Նրանց մարմինները տարածքից դեռևս չեն հեռացրել։ Դեպքի վայրում են շտապօգնության բրիգադը, Քննչական կոմիտեի աշխատակիցները, փրկարարները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աշտարակային կռունկն է ընկել ապամոտաժման ընթացքում։
Հասարակություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքի առթիվ, որի հետևանքով 3 մարդ է մահացել, քրվարույթ է հարուցվել

Սկզբնաղբյուր: KARTSIQ