Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել քննարկում՝ տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ նոր ընդունված չափորոշիչների և դրանց գործնական կիրառման վերաբերյալ, որին մասնակցել են հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչները։ ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը և Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ սահմանված նոր պահանջները՝ անդրադառնալով դրանց գործնական կիրառման իրավական առանձնահատկություններին և հնարավոր խնդրահարույց իրավիճակներին։ Մասնավորապես, ներկայացվել են այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է գնահատվի տեսալսողական հաղորդումների համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Անդրադարձ է կատարվել խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության, ինչպես նաև բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման սահմանափակումներին։ Քննարկվել է նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքը և դրա գնահատման չափորոշիչները։ ՀՌՀ ներկայացուցիչները հեռարձակողների ուշադրությունը հրավիրել են նոր կարգերի կիրառման ժամանակ կարևոր իրավական հանգամանքների վրա՝ պարզաբանելով սահմանված պահանջների գործնական կիրառման առանձնահատկությունները։ Քննարկման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հեռարձակող ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հարցերը և գործնականում առաջացող խնդիրները։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացված հարցերի վերաբերյալ տվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։ ՀՌՀ-ն կարևորում է ոլորտի մասնակիցների հետ շարունակական երկխոսությունը և նման քննարկումների անցկացումը՝ նոր կարգավորումների վերաբերյալ միասնական ընկալում ձևավորելու, դրանց պատշաճ կիրառմանը նպաստելու և գործնականում հնարավոր իրավական անորոշությունները նվազեցնելու նպատակով։
Հասարակություն
ՀՌՀ-ում քննարկվել են տեսալսողական հաղորդումների կարգավորման նոր չափորոշիչները

Սկզբնաղբյուր: KARTSIQ