Վազգենը մեր մարտական ընկերն է, մեր նախարարն է, մեր վարչապետն է, եկել ենք մեր խոնարհումը բերելու նրա հիշատակին, 250 կմ ամեն տարի գալիս ենք մեր առաքելությունը կատարելու։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Անդրադառնալով նրան, որ «Հոկտեմբերի 27–ի» գործը պատվիրատուների մասով բացահայտված չէ, նա ասաց. «Մենք իրավաբան չենք, մենք օրենք չենք, Աստված տա, որ բացահայտվի։ Վազգենը մեզ համար Հայաստան էր, ցավոք սրտի որ այսօր այս վիճակում ենք, մենք այն ժամանակ ենք պարտվել, երբ որ այդ ոճեղագործությունը եղել է։ Վազգենը կարողացավ Հայաստանի նիվիրյալներին, կռված տղերքին բերել մի գաղափարի շուրջ։ Ցավոք սրտի, այդ օրվանից մենք պառակտվեցինք ու կամաց-կամաց պարտությունը գնաց։ Մենք այսօր չենք պարտվել, հենց հոկտեմբերի 27-ը, երբ եղել է, այդ օրվանից պարտվել ենք»։ Նշենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցը: 1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների: Ահաբեկչությանը զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, հիմնականում՝ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները ազատ են արձակել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։ Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակեց գործով դատավճիռը: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների նկատմամբ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ 1-ը՝ 14 տարվա ազատազրկման: «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը: Հիշեցնենք՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է 2018–ից հետո ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա: Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009 թվականին Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953 թ.) քանդակը:
Политика
Дай Бог, чтобы 27 октября было открыто: Вазген - это Армения для нас - Меликсет Погосян

Источник: KARTSIQ