Պարոն Փաշինյան, օրերս ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ խոսում էիք Տիգրանաշենի մասին, օգտագործեցիք «Քյարքի» եզրույթը, ի՞նչ ենթատեքստ կար այդ եզրույթում, որովհետև մտահոգությունն այն է, որ յուրաքանչյուր անգամ, երբ նման քաղաքական հայտարարություններ են արվում, դրան անմիջապես հետևում են միակողմանի զիջումները առանց որևէ իրավական հիմքի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիօն, նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանը և Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հիմնվելով նախկին Խորհրդային Միության համապատասխանաբար Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ սահմանների և տարածքների վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մենք արձանագրել ենք և արձանագրում ենք, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է 29743 քառակուսի կիլոմետր տարածք և Հայաստանի Հանրապետությունն էլ ունի 29743 քառակուսի կիլոմետր տարածք։ Խնդիրն այն է, որ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, որը Խորհրդային Միության ժամանակների Հանրապետության տարածքն է, Քյարքի բնակավայրը չի մտել, չի մտնում, և եթե մենք հիմա այլ դիրքորոշում որդեգրենք, դա նշանակում է, որ մենք ասում ենք՝ Հայաստանի տարածքը ոչ թե 29743 քառակուսի կիլոմետր է, այլ, ասենք, 29753 քառակուսի կիլոմետր։ Ես հիմա այդ տարածքի կոնկրետ ծավալը չեմ հիշում, եթե մենք նման դիրքորոշում ենք անում, նշանակում է մենք հավակնություն ենք ցուցաբերում Ալմաթիի հռչակագրի հիման վրա և խորհրդային ժամանակների հիման վրա Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս կազմող տարածքի նկատմամբ։ Եթե մենք այսպիսի քաղաքական դիրքորոշում ենք որդեգրում, նշանակում է մենք փլուզում ենք խաղաղությունը և խաղաղության համաձայնությունը, խաղաղության հռչակագիրը, նախաստորագրված պայմանագիրը և մենք մեկնարկում ենք մի պրոցես, որի X կետում պատերազմը անխուսափելի է։ Սա է ամբողջ ենթատեքստը»։ Իրինա Յոլյանը նկատեց, որ Ալմա Աթայի հռչակագրում չկա ոչ թիվ՝ նշված 29743 քառակուսի կիլոմետր և չկան քարտեզներ: Փաշինյանն արձագանքեց. «Ալմաթիի հռչակագիրը արձանագրում է, որ Խորհրդային Միության երկրները դառնում են անկախ պետություն այն տարածքներով, որոնք այդ պահին իրենք տիրապետում են, ավելի ճիշտ, իրենց Խորհրդային Միության հանրապետությունների տարածքներով։ Այդ պահին գոյություն են ունեցել Խորհրդային Միության իրավական ուժ ունեցող քարտեզներ։ Մենք հենվել ենք Խորհրդային Միությունում իրավական ուժ ունեցած վերջին քարտեզներին և ասում ենք դրանք որոնք են. 1974-78 թվականի քարտեզները, որոնք հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին։ Մեր բոլոր քաղաքական խոսույթները հիմնված են այդ քարտեզների վրա։ Ինչը կա այդ քարտեզների վրա, մենք ասում ենք, որ կա, ինչը չկա այդ քարտեզների վրա՝ մենք ասում ենք, որ չկա»։
Политика
Если мы не назовем Тигранашен «Кяркы», война будет неизбежна. - Пашинян

Источник: KARTSIQ