«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում իրականացնում է իր 66-րդ բժշկական առաքելությունը։ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Իսրայելի, Բուլղարիայի առաջատար բժշկական կենտրոններից ու համալսարաններից Հայաստան են ժամանում մի խումբ անվանի բժիշկ-կամավորներ՝ հայ գործընկերների հետ փորձի փոխանակման, մասնագիտական կրթության և համատեղ կլինիկական աշխատանքի նպատակով։ Առաքելության ընթացքում տեղի կունենան սեպտեմբերի 23, ժամը 11։00 - «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Արտաշատի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկայի բացում (անհրաժեշտության դեպքում կապահովենք լրատվամիջոցների տեղափոխումը) Նոր կլինիկան հագեցած է ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով և մարզի բնակիչներին հնարավորություն կտա տեղում անցնել խորացված ակնային հետազոտություններ և ստանալ ամբուլատոր բուժում։ Սա ՀԱՆ-ի՝ ՀՀ մարզերում ակնային առողջապահական համակարգի զարգացման ծրագրի շրջանակում ստեղծված վեցերորդ ախտորոշման կլինիկան է։ ՀԱՆ-ը նաև ապահովելու է տեղի բուժանձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստումը, աջակցելու է կենտրոնի աշխատանքներին։ սեպտեմբերի 25, ժամը 10։00 - ՀԱՆ-Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 24-րդ միջազգային համաժողովի մեկնարկ (վայրը՝ DoubleTree by Hilton Yerevan City Center) Միջազգային համաժողովը համախմբելու է Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներին՝ ներկայացնելու ակնաբուժության արդի զարգացումները, փորձը և կլինիկական մոտեցումները։ Բժշկական առաքելության ընթացքում արտասահմանցի մասնագետները նաև կայցելեն ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոց, մարզային ակնաբուժական կենտրոններ և ախտորոշման կլինիկաներ, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, կանցկացնեն դասախոսություններ և WetLab գործնական դասընթացներ երիտասարդ բժիշկների համար, կմասնակցեն բարդ կլինիկական դեպքերի քննարկումներին և հայ գործընկերների հետ համատեղ վիրահատությունների։
Հասարակություն
«Հայկական ակնաբուժության նախագիծը» սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում կիրականացնի իր 66-րդ բժշկական առաքելությունը

Սկզբնաղբյուր: KARTSIQ