Հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի կառավարությունը Սենատում (խորհրդարանի վերին պալատ) կներկայացնի մի օրինագիծ, որը ենթադրում է անկարգությունների մասնակիցների հավաքական պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք անձամբ գույքային վնաս հասցրել են, թե ոչ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը։ «Այս օրինագիծը Սենատում կներկայացվի հոկտեմբերի 27-ին և կհետապնդի երկու նպատակ։ Նախ՝ անհրաժեշտության դեպքում չափահասների կամ անչափահասների հասցրած վնասի դիմաց գումար գանձել ընտանեկան նպաստներից, հետևաբար՝ մենք կօգտագործենք ծնողներին տրամադրվող նպաստների մի մասը։ Երկրորդ՝ եթե որևէ մեկը մասնակցում է բռնություն գործադրող խմբի գործողություններին և ոստիկանության նախազգուշացումներից հետո էլ շարունակում է իր մասնակցությունը, ապա նրա նկատմամբ կկիրառվի հավաքական պատասխանատվության սկզբունքը»,- նշել է Բրեժոնը։ Նա չի հստակեցրել, թե որքան արագ կընդունվի այս օրենքը՝ ընդգծելով, որ Սենատում կայանալու է միայն առաջին ընթերցումը։ Բրեժոնը նշել է, որ կառավարությունում ակնկալում են օրինագծի շուտափույթ ընդունում, սակայն քննարկումների ժամանակացույցի վրա կարող է ազդել 2027 թվականի բյուջեի դիտարկումը։ Ինչպես հայտնում է Franceinfo ռադիոկայանը, այս օրինագիծը նախատեսում է հասցված վնասի դիմաց մինչև 10 հազար եվրո փոխհատուցման գանձման հնարավորություն։ Անչափահասների դեպքում ֆինանսական պարտավորությունների մի մասը կարող է փոխարինվել չվարձատրվող հանրային աշխատանքներով։ Սահմանված փոխհատուցումը չվճարելու պարագայում պետությունը պարտքի մարման դիմաց կարող է բռնագանձել ընտանեկան և բնակարանի վարձակալության համար տրվող նպաստները։ Նախկինում կառավարությունն արդեն ընդունել է զանգվածային անկարգությունների մասնակիցների պատասխանատվության խստացմանն առնչվող մի քանի օրենք։ Այսպես, 2019 թվականին՝ «Դեղին բաճկոնների» շարժման բողոքի ցույցերի ֆոնին, ընդունվեց օրենք, որն արգելում է հանրահավաքներին ներկայանալ դեմքը քողարկող դիմակներով կամ գլխաշորերով. դրա համար նախատեսվում է մինչև 15 հազար եվրո տուգանք։ 2025 թվականին ընդունվեց մեկ այլ օրենք, որով ֆինանսական պատասխանատվություն է սահմանվում անկարգությունների անչափահաս մասնակիցների երկու ծնողների համար անգամ այն դեպքում, երբ նրանք համատեղ չեն բնակվում։ Ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին՝ մայրաքաղաքային Իլ-դը-Ֆրանս շրջանում, և այժմ տարածվել են ողջ Ֆրանսիայում։ Դրանց մասնակիցները դեմ են արտահայտվում գերծանրաբեռնված դասացուցակին, ուսուցիչների պակասին և կրթական համակարգի այլ խնդիրներին։ Որոշ վայրերում ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Բողոքի ակցիաների սկզբից ի վեր իրավապահներն ավելի քան 5 հազար մարդու են բերման ենթարկել, ընդ որում՝ դեպքերի 90%-ում նրանք եղել են անչափահասներ։