Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ողջ հայ բնակչությունից զրկված Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցին, որը Բաքուն անվանում է «Հաղթանակի օր», հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով։ «Նրանք, ովքեր նստած էին այս շենքում (Ստեփանակերտի նախկին գործադիր իշխանության շենքը՝ խմբ.), ռազմական հանցագործներ են, որոնք արժանի պատիժ են կրել», - հայտարարել է նա։ «Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում։ Նրանք մեծամիտ հայտարարություններ էին անում, քանի որ վայելում էին որոշ ուժերի հովանավորությունը և կարծում էին, թե հավերժ օկուպացիոն քաղաքականություն են վարելու։ Բայց մենք նրանց ցույց տվեցինք, թե ով ով է», – հավելել է Ալիևը։ Նա նաև խոսել է «ադրբեջանականության գաղափարախոսության» մասին, որն, ըստ նրա, իր երկիրն առաջ է տանում։ Իր հայտարարության մեջ Ադրբեջանի նախագահը, որի օրոք ո՛չ իր երկրի տարածքում, ո՛չ էլ օկուպացված Արցախում հայեր չեն մնացել, և ոչնչացվում են հայկական քրիստոնեական մշակութային ու պատմական հուշարձանները, պնդում է, թե իր երկրում «բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են մեկ ընտանիքի պես»։
International News
On the sixth anniversary of the occupation of Artsakh, Aliyev spoke about "punished" "war criminals"

Source: KARTSIQ