Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անընդհատ հետևում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության Task Force Scorpion Strike ստորաբաժանման գործողություններին և անօդաչուների արձակման վայրերին ու պատրաստ է պատասխանել Իրանի դեմ ցանկացած նոր ագրեսիվ գործողության, հայտնում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի տվյալներով, իրանական հետախուզական ծառայությունները հետևում են ստորաբաժանման գործողություններին, որը ստեղծվել և տեղակայվել է Արևմտյան Ասիայում՝ մեծ թվով միանգամյա օգտագործման LUCAS հարվածային անօդաչուներ կիրառելու համար։ Այս էժան ամերիկյան անօդաչուները ստեղծվել են իրանական Shahed-136-ների օրինակով։ ԱՄՆ-ն ակնկալում է դրանց զանգվածային կիրառման հաշվին ընդլայնել անօդաչուներով հարվածներ հասցնելու հնարավորությունները և մեծացնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի ծանրաբեռնվածությունը։ ԻՀՊԿ-ում հայտնել են, որ կորպուսի օդատիեզերական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները սպառնալիքը հայտնաբերելու և չեզոքացնելու համար օգտագործում են անօդաչուների հայտնաբերման, ուղեկցման և որսման ժամանակակից համակարգեր։ Իրանցի մասնագետները շարունակում են ուսումնասիրել անօդաչուների կառուցվածքը, դրանց կիրառման առանձնահատկությունները և արձակման վայրերը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թռիչքների մարտավարության փոփոխությունը, մարտական բեռնվածության ավելացումը կամ արձակման համար տարբեր հարթակների օգտագործումը անօդաչուներին թույլ չեն տա խուսափել իրանական պաշտպանական միջոցներից։ Կորպուսի տվյալներով, այդ հարվածային համակարգերի տեղակայման հետ կապված արձակման վայրերն ու ենթակառուցվածքային օբյեկտները գտնվում են հսկողության տակ և գնահատվում են պաշտպանական միջոցառումների տեսանկյունից։ ԻՀՊԿ-ն նաև նախազգուշացրել է, որ Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած գործողության համար պատասխանատվություն են կրելու դրանց կազմակերպիչները, հրամանատարներն ու կատարողները, ինչպես նաև նրանց իրենց տարածքը տրամադրող երկրները։