ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն ու խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ։ ԱԺ–ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ խմբակցության անդամները խոսել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին, անդրադարձել արտաքին մարտահրավերներին։ Խորհրդարանականները ներկայացրել են, իրենց կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության հետընթացին առնչվող դեպքեր, բարձրաձայնել, իրենց դիտարկմամբ, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հարցերում արձանագրված որոշ խախտումներ։ Հյուրերի ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին: