Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 17–ին, որոշեց 3 ամսով երկարաձգել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Մինչ այդ հանրային մեղադրող Միլենա Առուստամյանը միջնորդեց երկարացնել Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը 3 ամսով։ «Գտնում եմ, որ դատարանի կողմից կայացված որոշման մեջ արտհայտված պատճառաբանությունները շարունակում են արդիական լինել նաև դատաքննության սույն փուլում։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն դատարանը իր որոշման հիմքում դրել էր այն մտավախտությունը և հավանականությունը, որ Մատուն Գրիգորյանը գտնվելով ազատության մեջ կարող է չկատարել ինչպես քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ դատարանի որոշմամբ ի վրա դրված պարտականությունները, մասնավորապես կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, որը կարող է արտահայտվել վկաների նկատմամբ որոշակի անօրինական ազդեցություն ունենալով։ Դեռևս չի իրականացվել ապացույցների հետազոտում, մասնավորապես չեն հարցաքննվել սույն քրեական գործով անցնող դատակոչված վկաները։ Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մեղադրյալ Մարտուն Գրիգորյանը տարբեր տարիների եղել է ԱԺ պատգամավոր, ունեցել է այլ սոցիալական կապեր և ինչը պայմանավորված է նաև իր զբաղեցրած պաշտոնով։ բացի այդ, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ վերջինս, բացի քաղաքական գործունեությունը, նաև լայն քաղաքական գործունեություն է իրականացրել նաև Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում, իսկ բացի քաղաքական գործունեություն նաև հասարակական գործունեություն ևս իրականացրել Է»,– նշել է նա։ Պաշտպան Վարազդատ Հարությունյանը պնդեց, որ Մարտուն Գրիգորյանի կալանքն ապօրինի է։ Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 13-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտումը։ Մարտուն Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, պաշտպանության կողմն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի են նաև այն պատճառով, որ շրջանցվել է Սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը։ Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանի նկատմամբ գաղտնալսումներ և ներքին դիտումներ են իրականացվել, մայիսի 24-ին քննչական մարմինը հրապարակել է գաղտնալսումը՝ այդպիսով այդ մասին հայտնի դարձնելով նաև Գրիգորյանին։ Բացի այդ, մայիսի 22-ին պատգամավորի տանը, աշխատասենյակում և մեքենայում խուզարկություններ են իրականացվել, ինչով Գրիգորյանը փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, սկսվել է փաստացի քրեական հետապնդում՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման։ Հատկանշական է, որ Մարտուն Գրիգորյանի կալանավորման հենց գիշերն է քննիչը հայտնել, որ պատրաստվում է նախաքննության ավարտ հայտարարել, թեև դատական նիստում քննիչը պնդում էր, որ դեռևս ակտիվ նախաքննություն պետք է իրականացվի։
Politics
Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով

Source: KARTSIQ