Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 17–ին, մեկնարկել է Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը։ Գրիգորյանին դատարանում դիմավորեցին ծափողջույններով։ Հանրային մեղադրող Միլենա Առուստամյանը միջնորդեց երկարացնել Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը 3 ամսով։ «Գտնում եմ, որ դատարանի կողմից կայացված որոշման մեջ արտհայտված պատճառաբանությունները շարունակում են արդիական լինել նաև դատաքննության սույն փուլում։ Մասնավորապես, Հակակոռուպցիոն դատարանը իր որոշման հիմքում դրել էր այն մտավախտությունը և հավանականությունը, որ Մատուն Գրիգորյանը գտնվելով ազատության մեջ կարող է չկատարել ինչպես քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ դատարանի որոշմամբ ի վրա դրված պարտականությունները, մասնավորապես կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, որը կարող է արտահայտվել վկաների նկատմամբ որոշակի անօրինական ազդեցություն ունենալով։ Դեռևս չի իրականացվել ապացույցների հետազոտում, մասնավորապես չեն հարցաքննվել սույն քրեական գործով անցնող դատակոչված վկաները։ Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մեղադրյալ Մարտուն Գրիգորյանը տարբեր տարիների եղել է ԱԺ պատգամավոր, ունեցել է այլ սոցիալական կապեր և ինչը պայմանավորված է նաև իր զբաղեցրած պաշտոնով։ բացի այդ, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ վերջինս, բացի քաղաքական գործունեությունը, նաև լայն քաղաքական գործունեություն է իրականացրել նաև Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում, իսկ բացի քաղաքական գործունեություն նաև հասարակական գործունեություն ևս իրականացրել է։ Սույն քրեական գործով դատակոչված վկաները, բոլորը Գյումրի քաղաքի բնակիչներ են, և ակնհայտ է, որ վերջիններս որոշակիորեն ճանաչում են Մարտունի Գրիգորյանին։ Հետևաբար, առկա է մեծ հավանականություն առայն, որ մեղադրյալ Մարտուն Գրիգորյանը կարող է ազատության մեջ գտնվելու պայմաններում իր զբաղեցրած պաշտոնը և դրանցով պայմանավորված որոշակի ազդեցությունը, ունեցած կապերը օգտագործել նշված վկաների կողմից դատաքննության ընթացքում իր համար ոչ բարենպաստ ցուցմունքները չեզոքացնելու ուղղությամբ։ Հաշվի առնելով նշված դիրքորոշումը, միջնորդում եմ մեղադրյալ Մարտուն Գրիգորյանը նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամսով»,–ասաց նա։ Պաշտպան Վարազդատ Հարությունյանը պնդեց, որ Մարտուն Գրիգորյանի կալանքն ապօրինի է։ Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 13-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտումը։ Մարտուն Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, պաշտպանության կողմն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի են նաև այն պատճառով, որ շրջանցվել է Սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը։ Մասնավորապես, Մարտուն Գրիգորյանի նկատմամբ գաղտնալսումներ և ներքին դիտումներ են իրականացվել, մայիսի 24-ին քննչական մարմինը հրապարակել է գաղտնալսումը՝ այդպիսով այդ մասին հայտնի դարձնելով նաև Գրիգորյանին։ Բացի այդ, մայիսի 22-ին պատգամավորի տանը, աշխատասենյակում և մեքենայում խուզարկություններ են իրականացվել, ինչով Գրիգորյանը փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, սկսվել է փաստացի քրեական հետապնդում՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման։ Հատկանշական է, որ Մարտուն Գրիգորյանի կալանավորման հենց գիշերն է քննիչը հայտնել, որ պատրաստվում է նախաքննության ավարտ հայտարարել, թեև դատական նիստում քննիչը պնդում էր, որ դեռևս ակտիվ նախաքննություն պետք է իրականացվի։
Politics
Դատախազը միջնորդեց Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգել

Source: KARTSIQ