ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Ու. Շնայդերի և Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ մասնակցել են Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի բացման արարողությանը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգները 1.1 միլիոն դոլար է ներդրել նոր կառույցի ստեղծման համար՝ Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքման և քաղաքացիական պաշտպանության կարողություններն ամրապնդելու նպատակով։ Ժամանակակից կայանը կօգնի առաջին արձագանքողներին ավելի արդյունավետ սպասարկել տեղական համայնքները և կամրապնդի տարածաշրջանի՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը։ «Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի հետ՝ քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դիմակայուն համայնքների ամրապնդման ուղղությամբ։ Սա Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խորացող կապերի և ընդլայնվող համագործակցության ևս մեկ օրինակ է»։
Հայաստան
ԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համար

Սկզբնաղբյուր: KARTSIQ