Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկացի ձեռնարկատեր Քամ Գաֆարրիանը։ Դափնեկրի անունն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի Ինժեներական քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց մրցութային կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքների համակարգող, «Synopsys Armenia» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Քամ Գաֆարրիանն իրանական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր է և ժամանակակից առևտրային տիեզերագնացության աչքի ընկնող դեմքերից մեկը։ Նրա բիզնես գործունեությունն ընդգրկում է տիեզերքի, միջուկային էներգետիկայի և խորը տեխնոլոգիաների ոլորտները։ Գաֆարրիանը տեխնոլոգիական մի շարք խոշոր ընկերությունների համահիմնադիր է։ Դրանց թվում է «Axiom Space»-ը, որը զբաղվում է դեպի ՄՏԿ (Միջազգային տիեզերական կայան) առևտրային թռիչքներով և «Axiom Station» առևտրային տիեզերակայանի ստեղծմամբ։ Նրա մյուս ընկերությունը՝ «Intuitive Machines»-ը, իրականացնում է լուսնային առաքելություններ, բեռների տեղափոխում Լուսնի մակերևույթ և լուսնային տնտեսության համար ենթակառուցվածքների ստեղծում։ Գաֆարրիանը նաև առաջատար միջուկային ռեակտորներ ու վառելիք մշակող «X-energy»-ի, ինչպես նաև տիեզերական ենթակառուցվածքներով ու արբանյակներով զբաղվող «Quantum Space»-ի համահիմնադիրն է։ Նա նաև «IBX» ներդրումային և ինովացիոն ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է (CEO)։ Ընկերության միջոցով նա աջակցում է տիեզերական, էներգետիկ և խորը տեխնոլոգիական ոլորտների մի շարք նախագծերի։ Գաֆարրիանը հիմնադրել է նաև «Limitless Space Institute» ոչ առևտրային կազմակերպությունը, որն իրականացնում է հետազոտություններ ու մշակում այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապագայում կարող են հնարավոր դարձնել միջաստղային տիեզերական թռիչքները։