Չորս սերունդ, մեկ խոհանոց և հավերժական հարցը․ «Այսօր ո՞վ է սեղան գցում» Երևանում Անահիտ Սարգսյանի տանը հին փայտե սնդուկ կա։ Վաղուց այնտեղ օժիտ չեն պահում․ ներսում երեխաների նկարներ են, դեղնած նամակներ և սփռոց, որը ասեղնագործել է դեռ նախատատը։ «Դեն չենք նետում, որովհետև սա կահույք չէ, այլ հիշողություն,- ծիծաղում է Անահիտը և անմիջապես ուղղում,- թեև, անկեղծ ասած, սա տան միակ իրն է, որ մեզնից բոլորից շատ բան է տեսել»։ Սնդուկն իսկապես շատ բան է տեսել՝ ռուսական կայսրություն, Խորհրդային Միություն, մութ ու ցուրտ տարիներ, առաջին բջջային հեռախոսների դարաշրջանն ու այն ժամանակները, երբ մթերքը, նվերները և նույնիսկ լվացքի փոշին հասնում են դռան շեմին։ Զրուցել ենք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ և պարզել, թե ինչպես է փոխվել իրենց տունը։ Տուն, որտեղ ամեն ինչ միասին էին անում Խորհրդային Միությունից առաջ ապրած կյանքի մասին Սարգսյանների ընտանիքում գիտեն պատմություններից։ Անահիտի տատիկը՝ Սիրանուշը, դրանք լսել էր իր տատից և թոռներին այնքան հաճախ էր պատմում, որ դրանք ընտանեկան լեգենդ են դարձել։ Ընտանիքն ապրում էր մեծ գերդաստանով․ մեկ հարկի տակ երեք սերունդ էր հավաքվում, երբեմն նաև եղբայրների ընտանիքները։ Ավագ տղամարդը որոշում էր, թե ինչ ցանել և ում ամուսնացնել, ավագ կինը տնօրինում էր տնտեսությունը։ Լավաշը բոլորը միասին էին թխում թոնրի մոտ՝ մի քանի շաբաթվա պաշարով։ Մածուն, պանիր, չիր, թթու․ սեղանին հայտնվող գրեթե ամեն ինչ սեփական ձեռքով էր պատրաստված։ «Գնում էին միայն այն, ինչ չէին կարող իրենք պատրաստել՝ աղ, շաքար, կտոր,- պատմում է Անահիտը։- Դրա համար գնում էին շուկա, և դա իսկական իրադարձություն էր։ Նախատատս ասում էր, որ այդ ճանապարհորդությանը պատրաստվում էին տոնի պես»։ Ժամանցն անբաժան էր աշխատանքից ու համայնքից․ հարսանիքներին քեֆ էին անում ամբողջ գյուղով, երգում էին ասեղնագործելիս ու մարգերը քաղհանելիս։ Իսկ տան գլխավոր «տեխնոլոգիան» ընտանիքն էր՝ շատ ձեռքեր, ընդհանուր աշխատանք, ընդհանուր սեղան։ «Ճարելու» դարաշրջանը Սիրանուշը, որն այսօր 84 տարեկան է, կյանքի մեծ մասն ապրել է խորհրդային Երևանում։ Նրա գլխավոր հիշողությունները կապված են մեկ բառի հետ՝ «տակից ճարում էինք»։ «Ոչինչ հնարավոր չէր ուղղակի գնել։ Լավ կոշիկ, սերվիզ, գորգ․ ամեն ինչ պետք էր ճարել,- հիշում է նա։- Հերթեր էինք կանգնում, գրանցվում, ծանոթներին խնդրում, որ Մոսկվայից բերեն, տակից վաճառեն։ Երբ առաջին սառնարանը գնեցինք, հարևանները եկել էին նայելու»։ Խորհրդային տունը պաշարների վրա էր հիմնված։ Աշնանն ամբողջ ընտանիքով մուրաբա ու կոմպոտ էին փակում, պատշգամբում մրգեր էին չորացնում։ Աղջիկների օժիտը սկսում էին հավաքել համարյա ծնվելու օրվանից՝ անկողնու սպիտակեղեն, բյուրեղապակի, կտորներ։ Սերվանտում «հյուրերի համար» ամանեղեն էր դրված, որը տարին մի երկու անգամ էին հանում։ Լվանում էին ձեռքով, հետո լվացքի մեքենայով, որի մեջ պետք էր դույլերով ջուր լցնել։ Հեռախոսը մեկն էր ամբողջ մուտքի համար, հեռուստացույցը՝ ամբողջ ընտանիքի համար, և այն միասին էին դիտում։ Երեկոյան տղամարդիկ բակում նարդի էին խաղում, կանայք նստարանին նորություններ էին քննարկում, երեխաները վազվզում էին մինչև մութն ընկնելը։ «Նեղվածք էր, բայց համերաշխ էինք ապրում,- ասում է Սիրանուշը։- Եթե հարևանի տանը հարսանիք էր, ամբողջ բակը սեղաններ ու աթոռներ էր դուրս բերում։ Ոչ ոք չէր հարցնում՝ օգնություն պե՞տք է, թե՞ ոչ»։ Տվեցին լույսը Սիրանուշի որդին՝ Արմենը, իննսունականները հիշում է որպես ժամանակ, որը կյանքը բաժանեց «առաջ»-ի և «հետո»-ի։ Իսկ երկհազարականները անվանում է ժամանակ, երբ ընտանիքը նորից սովորում էր ապրել։ «Երբ նորից ամբողջ օրով լույս տվեցին, մայրս լաց էր լինում,- պատմում է նա։- Զարմանալի է թվում, բայց այդ տարիներից հետո ամեն լամպը տոն էր»։ Երկհազարականներին տուն մտան առաջին բջջային հեռախոսները և «ուսման համար» համակարգիչը, որով իրականում զրուցում էին Մոսկվայում և Լոս Անջելեսում ապրող հարազատների հետ։ Հայտնվեցին սուպերմարկետներ, որտեղ մթերքը դարսված էր դարակներին, և ոչինչ «ճարել» պետք չէր։ Հենց այդ ժամանակ Արմենը հոր հետ փոքր ընտանեկան փուռ բացեց։ «Սկսեցինք մեկ վառարանով և երեք տեսակի հացով։ Հայրս վառարանի մոտ էր կանգնում, ես հին մեքենայով ապրանքը խանութներ էի տանում, մայրս հաշվառումը վարում էր տետրում։ Հանգստյան օր ընդհանրապես չկար»,- հիշում է նա։ Ընտանիքում պարտականությունները սկսեցին փոխվել։ Արմենի կինը՝ Լուսինեն, աշխատում էր և միաժամանակ տան գործերով զբաղվում։ «Մենք առաջին սերունդն էինք, որ փորձում էր ամեն ինչի հասցնել՝ աշխատանք, երեխաներ, ծնողներ, հյուրասիրություն, - ասում է նա։ - Եվ այդ ամենի հետ գնումները դեռ կյանքի հսկայական մասն էին խլում։ Ամեն շաբաթ կես օր շուկաներով ու խանութներով էինք ման գալիս»։ Անհատական ժամանակ Այսօր փուռը ղեկավարում է արդեն Արմենի որդին՝ Դավիթը։ Հաշվառման տետրին փոխարինել են աղյուսակները, սրճարանների պատվերները գալիս են մեսենջերով, իսկ փաթեթավորումն ու մանր սարքավորումները նա ավելի ու ավելի հաճախ առցանց է պատվիրում։ «Առաջ պետք եղած կաղապարները գտնելու համար կես քաղաքն էի ման գալիս։ Հիմա համեմատում եմ տարբերակները, կարդում եմ այլ հացթուխների կարծիքները և մի երկու օրից պատվերս վերցնում»,- պատմում է նա։ Անահիտի 29-ամյա դուստրը՝ Մարիամը, կենցաղի մասին այլ կերպ է մտածում, քան իր տատիկը։ Նրա համար գլխավոր արժեքը ոչ թե իրն է, այլ ժամանակը։ «Նախատատս կյանքի կեսը ծախսում էր հայթայթելու և պատրաստելու վրա։ Տատս՝ ճարելու։ Մայրս՝ հասցնելու։ Իսկ ես ուզում եմ, որ ուժ մնա մարդկանց հետ շփվելու համար»,- ասում է Մարիամը։ Երբ որդին ծնվեց, անհրաժեշտ իրերից շատերը նա ընտրում էր հենց ծննդատնից՝ հեռախոսով։ «Մանկասայլակ, շորեր, շշեր․ գիշերը, մինչ փոքրիկը քնած էր, կարդում էի մյուս մայրերի կարծիքները։ Կարծես միանգամից հարյուր ընկերուհու հետ խորհրդակցես»,- ծիծաղում է նա։ Գնումների մեծ մասը եկավ Ozon-ից, և դուրս գրվելու պահին տանն արդեն ամեն ինչ պատրաստ էր։ Տնային գործերի հետ էլ նույնն է։ Ռոբոտ փոշեկուլին ընտանիքում սկզբում «խաղալիք» էին ասում, իսկ հիմա տատիկ Սիրանուշն առաջինն է հիշեցնում, որ հյուրերի գալուց առաջ այն միացնեն։ Պատուհան լվացող ռոբոտը հայտնվեց այն բանից հետո, երբ Անահիտը հերթական անգամ հրաժարվեց դույլը ձեռքին պատուհանագոգին բարձրանալու մտքից։ Եվ այդ ամենը դարձյալ գնել են Ozon-ից՝ առաքիչով մինչև տուն։ Իսկ ահա սեղանի շուրջ հավաքվելը, ինչպես հարյուր տարի առաջ, մնում է սրբություն։ Միայն թե դրան պատրաստվելն է այլ տեսք ստացել։ «Առաջ սփռոցի, գավաթների ու նվերների հետևից մի ամբողջ շաբաթ վազում էինք,- ասում է Անահիտը։- Հիմա երեկոյան, թեյի սեղանի մոտ պատվիրում եմ պետք եղած ամեն ինչը, իսկ եղբորորդիներիս ու քրոջս երեխաների նվերներն ընտրում եմ աղջկաս հետ՝ հենց բազմոցին նստած։ Ազատ ժամանակը ծախսում եմ կարևորի վրա»։ Ինչ գնաց և ինչ մնաց Եթե մի տեղ հավաքենք չորս սերունդների պատմությունները, զարմանալի պատկեր է ստացվում։ Անցյալում են մնացել հերթերը և «ճարել» բառը։ Գնացին շուկաներում ամբողջովին կորած շաբաթ օրերը և դույլերով լվացքը։ Անցյալում են արդեն «հյուրերի համար» սերվիզները, որոնք ափսոս էր օգտագործելը։ Հայտնվեցին ռոբոտները, որոնք մաքրում են, մինչ մենք աշխատանքի ենք։ Կարծիքներ, որոնք փոխարինեցին հարևանուհու խորհրդին։ Առաքում, որը կյանքի նույնքան սովորական մաս դարձավ, որքան ժամանակին շուկա գնալը։ Բայց գլխավորը չի փոխվել։ Ընտանիքն առաջվա պես հավաքվում է մեկ սեղանի շուրջ։ Տատիկն առաջվա պես թոռնուհուն սովորեցնում է տոլմա փաթաթել, և ոչ մի հավելված չի փոխարինի այդ դասին։ «Ամեն սերունդ մի բան էր ուզում՝ երեխաների կյանքն ավելի հեշտ լինի,- ամփոփում է Սիրանուշը։- Մերը, կարծես, իսկապես հեշտացավ։ Գլխավորն այն է, որ մենք իրարից չհեռանանք»։