Ես Հայաստանը շատ եմ սիրում: Մենք հիանում ենք այս երկրով եւ, միանշանակ է, որ մենք, ամբողջ միջազգային հանրությունը Հայաստանից սովորելու բան ունենք: Հայաստանը հրաշալի արդյունքներ է գրանցում շախմատում: Դրա վառ ապացույցը օրերս Սամարղանդում ավարտված շախմատային Օլիմպիադայում Հայաստանի թիմերի նվաճումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովը: ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահն առաջին պաշտոնական այցով Հայաստանում է։ Նա Ծաղկաձորում մասնակցել է 2026 թ. դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլի բացման արարողությանը։ Օրվա երկրորդ հատվածում Թիմուր Տուրլովն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ նրան դիմավորեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: ՖԻԴԵ նախագահը շրջեց ակադեմիայում, ծանոթացավ պայմաններին, հանդիպեց այցի պահին շախամտային դաս անցկացնող երեխաներին, նաեւ հիացավ ակադեմիայի մրցումային դահլիճով: «Հրաշալի դահլիճ է, ուղղակի հիացած եմ»,- Սմբատ Լպուտյանի հետ շրջայցի ընթացքում ասաց Թիմուր Տուրլովը, իսկ շախմատով զբաղվող երեխաներին հաջողություն եւ մեծ հաղթանակներ մաղթեց: «Ես շատ եմ սիրում Հայաստանը: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ սա իմ առաջին այցը չէ Հայաստան: Այստեղ է գործում իմ ղեկավարած հոլդինգը եւ, անպայման, տարին մեկ անգամ ես այցելում եմ Հայաստան: Արդեն որպես Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ իմ առաջին պաշտոնական այցը եղավ Հայաստան, քանի որ այստեղ այս օրերին անցկացվում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնութունը: Առաջնությունն անցկացվում է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթության մեջ-2026» նախաձեռնության շրջանակում: Մենք այս առաջնությունը հատուկ ծրագրում էինք անցկացնել Հայաստանում, քանի որ սա մի երկիր է, որը «Շախմատը կրթության մեջ» ծրագրով զբաղվում է 2011 թվականից եւ կարողացել է այս ժամանահատվածում ձեւավորել դպրոցական շախմատի ամենամեծ մշակույթը: Հայաստանն այն երկրն է, որն անցկացրել է բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ շախմատում: Այս ամենին զուգահեռ նաեւ ցուցաբերում է հրաշալի արդյունքներ մեծ շախմատում: Այդ մասին փաստում է Սամարղանդում օրերս ավարտված շախմատային Օլիմպիադայում Հայաստանի թիմերի նվաճումը, որտեղ հայ շախմատիստները գրանցել են բարձր արդյունքներ: Մենք հիանում ենք այս երկրով եւ, միանշանակ է, որ մենք, ամբողջ միջազգային հանրությունը Հայաստանից սովորելու բան ունենք: Այս առիթով գտնում եմ, որ դպրոցական շախմատի հայկական օրինակը լավագույն մոդելն է ամբողջ աշխարհի համար: Միջազգային ֆեդերացիայի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությունը սերտ է: Շարունակելու ենք ակտիվ աշխատանքը եւ փորձի փոխանակումը կրթության ոլորտում: Վստահ եմ, որ համատեղ կկազմակերպենք եւ կանցկացնենք միջազգային մեծ մրցաշարեր: Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքը կարտացոլվի նաեւ զարգացման հիմնադրամի շրջանակներում, որն այժմ ՖԻԴԵ-ի նախաձեռնությամբ ստեղծվում է: Այս հիմնադրամի նպատակը երիտասարդ տաղանդավոր շախմատիստների համար նոր հնարավորություններ ստեղծելն է, որպեսզի նրանք կարողանան շրջագայել եւ մասնակցել տարբեր միջազգային մրցաշարերի, հնարավորություն ունենալ մարզվել եւ աշխատել լավագույն մասնագետների հետ: Այդ հիմնադրամի շնորհիվ լավագույն մասնագետներն էլ հնարավարություն կստանան աշխատել համաշխարհային ճանաչում ունեցող շախմատիստների հետ»,- ասաց Թիմուր Տուրլով: Ակադեմիայի պայմաններին ծանոթանալուց հետո ՖԻԴԵ նախագահն ու ՀՇՖ փոխնախագահն առանձնազրույց ունեցան: Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմի հետ։ Կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Մշակույթ
ՖԻԴԵ նախագահ․ Դպրոցական շախմատի հայկական օրինակը լավագույն մոդելն է ամբողջ աշխարհի համար

Սկզբնաղբյուր: KARTSIQ