Ապրեց ընդամենը 30 տարի, սակայն Վարդուհի Վարդանյանը հասցրեց ստեղծել մի ժառանգություն, որն այսօր էլ շարունակում է ապրել նրա երգերում, կատարումներում ու իրեն ճանաչողների հիշողություններում։ Հոկտեմբերի 7-ը ևս մեկ գեղեցիկ առիթ դարձավ՝ հիշելու սիրված երգչուհուն, բարձրաձայնելու նրա հանդեպ կարոտն ու մեկ անգամ ևս վերապրելու Վարդուհի Վարդանյանի թողած երաժշտական ժառանգությունը։ Երեկոյի խորագիրն էլ հենց կոչվեց «Բարձրաձայն կարոտ»։ Բեմում էին հայկական շոու-բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչներ՝ Վարդուհի Վարդանյանի մտերիմ ընկերներն ու գործընկերները, որոնք ներկայացրին նրան նվիրված կատարումներ, ինչպես նաև պատմություններ ու հիշողություններ։ Երեկոյի մասնակիցների թվում էին նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։ Թեև նրանք անձամբ առիթ չեն ունեցել շփվելու Վարդուհի Վարդանյանի հետ, նրա անունն ու երգերը նրանց համար վաղուց ծանոթ են։ Նրանց կատարումներով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ երգչուհու ստեղծագործությունը շարունակում է հասնել նոր սերնդին։ Օրը լի էր հուզիչ պահերով ու անակնկալներով։ Բեմ բարձրացան նաև Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը, երգչուհու թոռնուհին՝ փոքրիկ Վարդուհին, ինչպես նաև նրա քույրերը։ Նրանք ներկայացրին Վարդուհի Վարդանյանին նվիրված գեղեցիկ ու հուզիչ կատարում, որն էլ երեկոյի ամենատպավորիչ պահերից դարձավ։ Վարդուհի Վարդանյանի կյանքը կարճ էր, բայց նրա թողած հետքը՝ երկար։ Տարիները անցնում են, սակայն նրա երգերը շարունակում են հնչել, իսկ հիշողությունն ապրում է նրանց սրտերում, ովքեր սիրել ու գնահատել են նրան։ Հենց նման երեկոներն էլ ևս մեկ անգամ փաստում են՝ իսկական արվեստագետները հեռանում են կյանքից, բայց չեն հեռանում իրենց հանդիսատեսի հիշողությունից։
Մշակույթ
«Բարձրաձայն կարոտ»․ Վարդուհի Վարդանյանին նվիրված երեկոյին բեմում էին նաև որդին, թոռնուհին ու քույրերը

Սկզբնաղբյուր: KARTSIQ